Այսօր Լաս Վեգասի «հայր»՝ գործարար, բարերար, կինոգործիչ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻ ծննդյան օրն է․

Գործարար, կինոգործիչ ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ կամ Գրիգոր Գրիգորյան ծնվել է ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում: Սերել է 1890թ. Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից: Հետագայում ընտանիքը գումար վաստակելու նպատակով տեղափոխվել է Լոս Անջելես: Գնելով հին, օգտագործված մեքենաներ` ներկել և վաճառել է դրանք և յուրաքանչյուրի դիմաց աշխատել 10-15 դոլար: Նրա կյանքը բեկումնային ընթացք է ստացել, երբ հանդիպել է Օ’Ֆլաերտին, ով զբաղվում էր պատի վառարանների տեղադրմամբ, և Քըրքը աշխատանքի է անցել նրա մոտ` աշխատելով ժամում 45 ցենտ: Այնուհետև սովորել է օդաչուական դպրոցում, դարձել օդաչու-հրահանգիչ:

Որպես ռազմաօդային ուժերի օդաչու մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ավարտից հետո զբաղվել է օդանավերի բաժնեթղթերի առևտրով, ինչպես նաև հյուրանոցային բիզնեսով: 1945թ. ձեռք է բերել «Cessna» ուսումնական մեկ-շարժիչային ինքնաթիռ, վերադարձել Լոս Անջելես և սկսել իրականացնել մասնավոր չարտերային չվերթներ: 1947թ. 60.000 դոլարով գնել է «Los Angeles Air Service» փոքրիկ չարտերային ավիաընկերությունը, որն օդային կամուրջ է դառնում Լոս Անջելեսի և Լաս Վեգասի միջև: Հետագայում` 1968թ., նա վաճառել է այն 104 միլիոն դոլարով: 1965թ. դարձել է ԱՄՆ Հեռահաղորդակցությունների արդյունաբերական միության սեփականատերը: Եկամուտները սկսել են աճել: 1973թ. կառուցել է Լաս Վեգասի իր հերթական հյուրանոցը` կրկին ամենամեծն աշխարհում և անվանում այն «Գրանդ Հոթել»: Փորձել է իր ուժերը նաև մեքենաների բիզնեսում:

1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին: Նրա հիմնադրած «Լինսի» հիմնադրամը 2001թ-ից ի վեր 210 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, իսկ 21 միլիոն դոլար՝ Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության զարգացման համար: 1998թ. և 2005թ. այցելել է Հայաստան: Համաձայն ամերիկյան հեղինակավոր «Ֆորբս» ընկերության` 2007թ. նրա կարողությունը հասել է 15 միլիարդ ամերիկյան դոլարի, բացի այդ նա համարվել է Լաս Վեգասի «հայրը»: Նրա ֆինանսավորած վերջին նախագիծը Հայոց ցեղասպանության (1915թ.) մասին պատմող «Խոստումը» (2016թ.) ֆիլմն էր, որի ռեժիսորն է Թերրի Ջորջը: