ՀԱՅ բեմի պարծանքը․ նա իր խորունկ հոնքերով միանգամից գրավում էր հանդիսատեսի ուշադրությունը

Մեր բեմի ու կինոյի անկրկնելի դեմքերից է Ավետ Ավետիսյանը, ով վաստակել է ոչ միայն ՀԽՍՀ, այլեւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում, որը չէր շռայլվում խորհրդային ժամանակներում եւ տրվում էր բացառիկ տաղանդներին, իսկ Ավետ Ավետիսյանի նման մոնումենտալ արտիստը ցանկացած բեմի պարծանքը կարող էր լինել։

Նրան շատ բան պետք չէր` քչախոս, ժլատ շարժումներով, ծանրակշիռ կերպարանքով, ազդեցիկ հայացքով, հոնքերի խորամանկ ու դավադիր աղեղով իսկույն գրավում է հանդիսատեսի ուշադրությունը։ Ավետիսյանի կերտած կերպարները մեկը մյուսից վառ անհատականություններ են` միջավայրից տարբերվող կամ միջավայրի էությունը բացահայտող։

Եթե Հրաչյա Ներսիսյանի, Վահրամ Փափազյանի կերտած կերպարներն են ցավ, դրամատիզմ ու ողբերգություն ապրում, ապա Ավետիսյանի կերպարներն իրենք են դառնում այլոց ցավ ու վշտերի պատճառ։ Հանդարտ, սեփական աշխարհն ստեղծած ու այդ աշխարհը միջավայրին անվրդով թելադրող` գավազանին հենված, մատների մեջ թզբեհ խաղացնող։ Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։