«Սուրճ էի խմում, սիրտս ահավոր ծակեց ու սեղմվեց: Ես բարձր գոռացի, ասեցի՝ վա՜խ, տեսնես՝ ինչ եղավ, հո էրեխուս բան չի՞ եղել». 19-ամյա ՀԵՐՈՍ Հենրիկի մարմինը գտնվել է այդ լուրից 2 ամիս հետո

48-ամյա Համեստ Վարդանյանը հուզմունքով ասում է, որ որդու զոհվելուց հետո զարմանում է, թե ինչպես է ապրում. «Կյանքը մի ակնթարթում իմաստազրկվեց։ Զարմանում եմ՝ ինչի եմ ապրում, Էլ ոչնչի մեջ իմաստ չկա՝ ոչ ապրելու, ոչ ուտելու, ոչ մի բանի»,- ասում է 48-ամյա կինը։

Համեստի որդին՝ 19-ամյա Հենրիկ Էլոյանը, 4 ամիս էր՝ ինչ մեկնել էր ծառայության Ջրականում, երբ պատերազմը սկսվեց։

Մայրը պատմում է, որ առաջին իսկ օրից Հենրիկը առաջնագծում է եղել, հոկտեմբերի 7-ին վիրավորում է ստացել, տեղափոխվել հոսպիտալ, սակայն վիրավորումը նրան չի խանգարել, որ վերադառնա դիրքեր և շարունակի պայքարը հակառակորդի դեմ։

«Ոտքի ու թևի բեկորը հանել են, ողնաշարի ու 7-րդ ողի բեկորը չեն կարողացել հանել, պետք ա վիրահատվեր, բայց նորից գնաց առաջնագիծ։ Որ ուզում էինք իրան պահեինք, ասում էր՝ իմ ընկերներն էնտեղ զոհվել են, ես էստեղ ի՞նչ խղճով մնամ։ Հոկտեմբերի 26-ին նորից դիրքերում էր»,- պատմում է մայրը։

Համեստի խոսքով՝ որդին գնացել էր Շուշի, այնուհետև՝ Կարմիր շուկա։ Մայրը հիշում է՝ հոկտեմբերի 28-ին որդին զանգել է, խոսել շատ բարձր տրամադրությամբ, ծիծաղով, սակայն հետագայում որդու ընկերներից տեղեկացել է, որ Հենրիկը սաստիկ ցավեր է ունեցել վիրավորվելու հետևանքով։

«Էդ օրը ընկերն ասել ա՝ արի բարձրանանք վերև, ասել ա՝ մեջքս ցավում ա, գնամ թիկնեմ «ԿամԱԶ»-ին։ «ԿամԱԶ»-ի մեջ զենք ա եղել, ժամը 12-ն անց 20-ի-մեկի հատվածում հակառակորդը ԱԹՍ-ով խփել ա «ԿամԱԶ»-ին, ու տղես միանգամից զոհվել ա»,- ասում է ու հուզվում մայրը։

Համեստն ասում է՝ մայրական սիրտը նույն պահին զգացել է, որ ինչ-որ բան է պատահել որդու հետ։

«Սուրճ էի խմում, սիրտս ահավոր ծակեց ու սեղմվեց… Ես բարձր գոռացի, ասեցի՝ վա՜խ, տեսնես՝ ինչ եղավ, որ սիրտս սենց ծակեց, հո էրեխուս բան չի՞ եղել։ 3 օր հետո իմացանք, որ էրեխեն զոհվել ա նույն ժամին»,- հուզմունքով վերհիշում է մայրը։

Համեստն ասում է՝ որդուց լուր չեն ունեցել, տեղեկացել են, որ «ԿամԱԶ»-ը տրաքել է, որտեղ իր որդին է եղել։ Նշում է՝ այդ լուրից հետո որդուն 2 ամիս փնտրել են ամենուր՝ հիվանդանոցներում, մորգերում։

«Տղայիս փնտրելու ժամանակ օգնում էր իր հրամանատարներից Կարեն Աթոյանը, ինքն էլ աչքից էր վիրավոր։ Դեկտեմբերի 31-ին ԴՆԹ-ի հաստատումը եկավ»։

Համեստը ցավով ասում է, որ այդ պահին ուրախացել էր, ուրախության առիթն այն էր, որ գոնե մարմինն է գտնվել։

«Ես արդեն հույս չունեի, որ կգտնեի։ Բոլոր մորգերում եղել էի, չէինք գտնում, հարյուրավոր երեխեքի էի շուռ տվել, ուսումնասիրել։ Որ ասեցին՝ ԴՆԹ-ն հաստատվել է, ուրախացել էի, խանութում էի, մարդիկ մտածեցին՝ էրեխուս ողջ եմ գտել»,- մորմոքով ասում է մայրն ու նշում՝ որդու մարմինը ճանաչել է ատամնաշարից և ողնաշարի վրա բեկորային վնասվածքի հատվածից։

Համեստն ասում է՝ որդու զոհվելուց հետո կյանքը ոչ թե 180, այլ 1000 աստիճանով է փոխվել։ Նշում է՝ ճիշտ է, աղջիկ ունի, բայց որդին ուրիշ աշխարհ էր իր համար։

Հենրիկ Էլոյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:

MediaLab.am