Մնայուն արժեք դարձած ստեղծագործությունների անվանի գրողը․ նրա անունը մնաց հավերժ հայ գրական կյանքում

Անդրադառնալով հայ մեծ դրամատուրգ Լևոն Շանթի կյանքին, պետք է փաստենք, որ գրողն անցել է ստեղծագործական շուրջ վաթսունամյա ճանապարհ: Այն սկսելով բանաստեղծությամբ՝ 1890-ականներին հրատարակել է չափածո գործեր եւ «Լեռան աղջիկը» պոեմը, գրել վիպակների մի ամբողջ շարք՝ «Մնաք բարովի իրիկունը», «Երազ օրեր», «Դուսեցիները», «Վերժին», «Դարձ», «Դերասանուհին», «Կինը»։

Հայ գրականության մնայուն արժեքների շարքին էին դասվելու նրա դրամատուրգիական գործերը՝ «Եսի մարդը», «Ուրիշի համար», «Ճամբուն վրա», այլ գործեր: Իսկ «Հին աստվածներ», «Կայսր», «Շղթայվածը», «Ինկած բերդի իշխանուհին», «Օշին Պայլ» պատմական դրամաներն իրենց նյութով կապված են հայ միջնադարի տարբեր ժամանակաշրջանների, «Կայսրը»՝ բյուզանդական պատմության հետ:

Այս գործերում պատմական դեպքերն ու անունները պայմանական են, որոնց միջոցով արծարծվում են ժամանակակից սոցիալ-հոգեբանական հարցեր ու խնդիրներ: Մարդկային հոգեբանությունը հասկացող մեծ գրողը, որ կատարելության ջատագով էր, բոլորին նույն կոչն էր անում․ «Եթե կուզեք, որ փրթին ձեր բոլոր շղթաները, ընկճեցեք այն բռնակալը, որ կտիրե ձեզմե ամեն մեկին կուրծքին տակ. մեռցուցեք ձեր միջի բռնակալը…»: Մեռցրեք, քանզի «կյանքը օր մըն է միայն, օր մը»: Հակոբ Սրապյանի հոդվածից։