Այս ՀԱՅԸ իր արժանի տեղն ունի հայ ուշ միջնադարյան ՏԱՂԵՐԳՈՒՆԵՐԻ կողքին. Բայց մեծ մասը նրան չի էլ հիշում ու ճանաչում. Գիտե՞ք թե ով է ՆԱ և ինչեր է արել.

Բանաստեղծ, երաժիշտ կամ ԲԱՂԴԱՍԱՐ ԴՊԻՐ Պաղտասար Գրիգորեան, Կեսարեան, Կոստանդնուպոլսեցի ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է Կ.Պոլսի մասնավոր վարժարանում։ Իր արժանի տեղն ունի հայ ուշ միջնադարյան տաղերգուներ Նաղաշ Հովնաթանի, Պետրոս Ղափանցու կողքին և մեծապես նպաստել է հայ նոր բանաստեղծության զարգացմանը։ Բանաստեղծությունների գիրքը` «Տաղարան փոքրիկ Պաղտասար Դպրի ասացեալ զանազան գունով» (1723թ.), փոփոխություններով ու հավելումներով տպագրվել է 7 անգամ։ Ստեղծագործական որոշակի վերաբերմունք է ցուցաբերել հայ հին գուսանական ու եկեղեցական, ինչպես և իր ժամանակակից արևելյան ու աշուղական երգարվեստի նկատմամբ։

Աշխարհիկ, հատկապես սիրային տաղերի համար եղանակներ ընտրելիս, օգտագործել է ինչպես ազգային` հայկական ավանդական, այնպես էլ ընդհանուր արևելյան մեղեդիներ։ Նրա մեզ հասած «Ի ննջմանէդ արքայական» (1707թ.) տաղում զուգակցվում են հայ նոր աշուղական ու հին եկեղեցական, դասական երաժշտության մի քանի գծեր։ Գրել է նաև հայատառ թուրքերեն բանաստեղծություններ։ Գիտական ժառանգությունից մեզ հասած հիմնական երկերն են` «Պարզաբանութիւն քերականութեան կարճառօտ և դիւրիմաց» (1736թ.), «Հատոր երկրորդ քերականութեան․ կիրառութիւն մասանցն բանին որ է շարամանումն ընդ իրեարս ըստ քերթողացն» (1736թ.), «Օրինակք բարեվագրաց» (1752թ.), «Գիրք քերականութեան», «Համառօտութիւն պատմութեան Մովսէս Խորենացւոյ» (անտիպ, ձեռագիրը պահպանվում է Երուսաղեմում), «Համառօտ մեկնութիւն տրամաբանութեան» (1822թ.), «Ժամանակագրութիւն»։ Երկար տարիներ դասավանդել է մայրենի լեզվի քերականություն, երաժշտություն և այլ առարկաներ։

Կ.Պոլսի դպրոցների համար 1736-60թթ կազմել և հրատարակել է մայրենի լեզվի քերականության դասագրքեր` գրաբար և աշխարհաբար լեզուներով։ Շուրջ 100 տարի նրա դասագրքերով դասավանդել են հայկական դպրոցներում։ 1720-60թթ մասնակցել է Կ.Պոլսի գրական-հրատարակչական աշխատանքներին։ Կազմել է հայագիտական գրքերի գիտահամեմատական բնագրեր, խմբագրել պատմական, փիլիսոփայական, աստվածաբանական գրքեր։ Նրա հսկողությամբ ու մասնակցությամբ Կ.Պոլսում լույս են տեսել Զենոբ Գլակի «Գիրք պատմութեան երկրին Տարօնոյ» (1719թ.), «Գիրք որ կոչի Հարանց վարք» (1720թ.), Առաքել Սյունեցու «Ադամգիրք» (1721թ.), Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմը (1726թ.), Սիմեոն Ջուղայեցու «Գիրք տրամաբանութեան» (1728թ.), Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց» (1729թ.), Դավիթ Անհաղթի «Գիրք սահմանաց» (1731թ.) աշխատությունները։ Մահացել է Կոստանդնուպոլսում: