Բախտն այս ՀԱՅԻՆ մե՛կ տալիս էր ամեն ինչ, մե՛կ խլում` կրկին նվիրելու և անողոքաբար ոչնչացնելու համար․ ճանաչենք Աստծու շնորհով օժտված գործարարին

Մարդկային ճակատագիրը կարող է խելահեղ լինել, և հաճախ այդպես էլ լինում է։ Բախտը Միքայել Արամյանցին մե՛կ տալիս էր ամեն ինչ, մե՛կ խլում կրկին նվիրելու և անողոքաբար ոչնչացնելու համար։ Հենց նա Աստծու շնորհով օժտված գործարարը, ուժ ու տաղանդ էր գտնում վերածնվելու համար։ Սակայն սեր նրան անարդարացիորեն շատ քիչ էր բաժին ընկել։
1858 թվականին 15-ամյա Միքայելը հարազատ արցախյան գյուղից Շուշի գնաց` սովորելու գավառական ուսումնարանում։ Նրան շատ էր հրապուրում Թիֆլիսը, և քիչ էր մնում նա մեկներ այնտեղ ուսումը շարունակելու։ Սակայն այնպես ստացվեց, որ ստիպված Իրանում հայտնվեց. Թավրիզում նա առաջին քայլերն արեց առևտրի խորիմաստությունը հասկանալու համար։

Թավրիզում Մանթաշևի հետ ծանոթությանը կարևորությունը կարտահայտվի 20 տարի անց, երբ Արամյանցը, որն արդեն մի անգամ հասցրել էր կորցնել դիզած ունեցվածքը, այլ արցախցիների հետ, Բաքվում կհիմնի նավթարդյունաբերության իր ընկերությունը, այնուհետև, Մանթաշևի հետ մասնաբաժնով էլ խողովակաշար կկառուցի։ Դա արդեն նրան միլիոններ կբերի։

Իսկ իր առաջին հարյուր հազարները Արամյանցը վաստակել էր առևտուր անելով` մանվածքաթել, բուրդ, մետաքս, բամբակ, շաքարավազ։ Բացի այդ, նրա ղեկավարության տակ էին գտնվում վարձով տներ, կալվածատներ, ամառանոցներ և պանսիոնատներ, Ախթալայում և Կիսլովոդսկում գտնվող բուժիչ հանքային ջրերի աղբյուրներ։ Բարեգործության առաջին փորձը տեղի ունեցավ Շուշիում, որտեղ նա տեղի ծխական դպրոցին նվիրեցեց իր տունը, որը հատուկ վերակառուցվել էր այդ նպատակին ծառայելու համար, բացի այդ նաև ճանապարհ կառուցեց։

Բաղձալի Թիֆլիսում Արամյանցը բնակություն հաստատեց 1871 թվականին։ 1877 թվականի ռուս–թուրքական պատերազմը գրեթե սնանկացրել էր նրան, սակայն Բաքվի նավթը թույլ տվեց վերադարձնել կորցրածը և հաստատուն քայլերով առաջ շարժվել։ Միքայել Արամյանցն ու Թիֆլիսն` առանձին պատմություն են, որի մասին շատ է գրվել և խոսվել, և դեռ շատ բան կարելի է պատմել։

Իսկ եթե հակիրճ ներկայացնենք, ապա Արամյանցը ֆինանսավորում էր քաղաքի մի շարք խոշոր և կարևոր շենքերի շինարարությունը, նախևառաջ դա «Մաժեստիկ» հյուրանոցն էր և հիվանդանոցը, որոնք մինչ օրս նրա անունով են կոչվում։ Չհաշված բարեգործությունը` Արամյանցն արդեն բազմամիլիոնանոց կարողություն ուներ և հասարակության բարօրություն համար երբեք չէր տնտեսում։

Եղիսաբեթ Շոլկոյանցը 18 տարեկանում ամուսնացավ արդեն ունևոր մարդու հետ, նրան 5 երեխա պարգևեց, սակայն հենց կինը դարձավ նրա անձնական կյանքում առաջին ողբերգության պատճառը։ Արժանավայել և հարիր չհամարելով ուրիշի անձնական կյանքի մեջ մտնելը`այն էլ 1.5 դարի վաղեմությամբ պատմության, նշենք միայն, որ Արամյանցը երկար ժամանակ չէր հավատում իր կնոջ անբարոյական պահվածքի մասին ամբողջ Կովկասով մեկ թնդացող պատմություններին` ընդունելով դրանք նախանձ և անբարյացակամ մարդկանց հորինվածք։

Հավատաց, երբ գողության դեպքեր բացահայտվեցին և սիրային նամակներ հայտնաբերվեցին. գողություն էր անում Եղիսաբեթը` սեփական զվարճանքները ֆինանսավորելու համար։

Հավանաբար, շվայտ կյանքով նա ապրում էր իսկզբանե. գուցե նրան անբարոյական էր դարձրել միլիոնատեր կնոջ դրությունը, ով գիտե։ Չի բացառվում, որԱրամյանցը չափից ավել էր զբաղված իր գործերով և շատ բան չէր տալիս կնոջը. ամեն ինչ հնարավոր է, և մենք չէ, որ պետք է դատենք մեղավորներին կամ անմեղներին։ Նրանք բաժանվեցին 8 տարի տևած երկար ամուսնալուծության գործընթացից հետո։

Արամյանցը երկրորդ անգամ սիրահարվեց Եվգենյա Շխիյանցին։ Ամուսնալուծության տհաճ և երկարատև գործընթացից հետո, նա ընկավ այդ կնոջ գիրկը` որպես փրկարար և մաքրազերծող մի ծովի, սակայն այս անգամ էլ, երևի, նրան օգտագործեցին։ Գուցե, այդքան տաղանդավոր լինելով հանդերձ` Արամյանցը կանանցից բացարձակ չէր հասկանում և լավ չէր ճանաչում նրանց։ Նա Եվգենյայի համար տուն կառուցեց Թիֆլիսում, ոչ հասարակ, իհարկե, այլ գրեթե ոսկե. ամեն տեղ ներկայացնում էր որպես իր կին, իսկ կինը փախավ Արամյանցի բժիշկի հետ։

Սակայն այստեղ ճակատագիրն ավելի դաժան գտնվեց, քան կարող էր ենթադրել ամենավառ երևակայությունը. երկար տարիներ անց Եվգենյան վերադարձավ Արամյանցի մոտ` արդեն հիվանդ վիճակում և մահացավ նրա ձեռքերի վրա։ Նա չէր կարող երես թեքել մահացող կնոջից, որին այժմ միայն իր ներկայությունն էր պետք։

Խորհրդային իշխանությունն Արամյանցի համար ռուս–թուրքական պատերազմի նման մի բան էր, սակայն եթե պատերազմից հետո նա ուժ գտավ ոտքի կանգնելու և առաջ շարժվելու, ապա խորհրդայնացումը արդեն ոչ երիտասարդ Արամյանցին զրկեց ամեն ինչից։ Ասում են, որ իր կյանքի վերջին ամիսներին նա սոված նստած էր ժամանակին 5 մլն ռուբլով իր իսկ կառուցած «Մաժեստիկ» հյուրանոցի պատերի տակ և, ախ քաշելով, հիշում էր անցած հիանալի ժամանակները։

… Հայաստանի տարածքում Արամյանցից մնացել է Ախթալայի նրա ոչ մեծ դղյակը. ժամանակին այն կառուցում էր սիրով` հիացած այստեղի բնությամբ։ Ով ասես, որ չէր հյուրընկալում նրան` Հովհաննես Թումանյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Գևորգ Բաշինջաղյան, Խրիմյան Հայրիկ, Ֆյոդոր Շալյապին` բոլորին նույնիսկ հիշելն անհնար է։

Խորհրդային իշխանությունը, փառք աստծո, «բուրժուի» դղյակը չքանդեց, պանսիոնատ դարձրեց գյուղացիների և բանվորների համար։ Դա էլ վատ չէ. չէ՞ որ Թիֆլիսում Արամյանցի կառուցածներից շատ քիչ բան է պահպանվել։ Իսկ այն, ինչ մնացել է, ասում են` վերանվանել են այնպես, որ ականավոր գործարար ու բարեգործի անունը նույնիսկ չհիշվի։