«Մինչեւ հիմա սիրով ու կարոտով կհիշեմ իմ գրական ընկերներուս հետ անցուցած տաք իրիկունները…»․ մեծագույն դրամատուրգի կյանքի պատմությունը

Մեծավաստակ դրամատուրգ, մանկավարժ ու պետական-հասարակական գործիչ Լեւոն Շանթը (Նահաշպետյան, ապա Սեղբոսյան), ծնվել է Պոլսում՝ մեծն Թումանյանի հետ նույն տարում՝ 1869-ին, գորգավաճառի ընտանիքում: Որբացել է շատ վաղ հասակում:

Սովորել է Սկյուտարի, ապա Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում, իսկ բարձրակարգ ուսումն ստացել Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում։ Նոր աշխարհընկալումներով ու գիտելիքներով հարստացած գրողը 30 տարեկանում վերադառնում է Անդրկովկաս, երկար տարներ դասավանդում Թիֆլիսի Գայանյան օրիորդաց, Երեւանի թեմական դպրոցներում:

Թիֆլիսյան տարիներին մտերմանում է ժամանակի գրական դեմքերի՝ Թումանյանի, Աղայանի, Իսահակյանի, Դեմիրճյանի, երեւելի այլ մարդկանց հետ, մասնակցում «Վերնատան» հանդիպումներին. «Մինչեւ հիմա սիրով ու կարոտով կհիշեմ իմ գրական ընկերներուս հետ անցուցած տաք իրիկունները…»:

1911-ին գրողը զբաղվում է մանկավարժությամբ՝ դասավանդելով Պոլսի Կեդրոնական եւ Եսայան վարժարաններում: «Ինձ համար ոչինչ ու անհրաժեշտ բան մըն է կյանքը, երբ չկա աշխատանք, մաքառում, ձգտումներ ու կիրք, հուզում ու ծրագիր». իր մտորումներն են, մարդկային կյանքի իր կենսափիլիսոփայությունը: Հակոբ Սրապյանի հոդվածից։