Պարկեշտ ու միշտ զվարթ հեղինակը․ նրա «Հին աստվածները» թնդում էր երկրով մեկ

Միշտ պարկեշտ ու զվարթ գրող Լևոն Շանթը դարձավ անմահ իր ստեղծագործություններով։ Թեեւ չէր գնում իր գլուխգործոցի բեմականացումը տեսնելու, այդուհանդերձ, «Հին աստվածներով» շքեղանալու էին Թիֆլիսի հայկական ու ռուսական թատրոնների բեմերը, նույն դերը խաղալու համար մրցակցելու էին անվանի դերասան-դերասանուհիներն ու ձեռքից ձեռք խլելու գլխավոր հերոսների դերերը:

Իսկ արվեստի մարդիկ մեծարելու էին հեղինակին։ Լևոն-Շանթին ամենևին էլ չէր հետաքրքրում ներկայացման լավ կամ վատ լինելը. «Ես կգրեմ գեղարվեստական գործ՝ դրամա. կուզեն բեմադրեն, կուզեն՝ ոչ»,-ասում էր նա: Բայց նա գերազանց գիտեր իր ստեղծագործության արժեքը, որն այսօր էլ չի իջնում բեմերից: Այսպես է ասել Շանթի մասին Ստեփան Զորյանը․

«Ինչպես իր բոլոր երկերը, անկախ բովանդակությունից, գրված են խնամքով ու ճաշակով, այդպես էլ ինքը՝ հագնվում էր խնամքով, ճաշակով: Բայց անձը ցուցադրելու ոչ մի նշան. միշտ պարկեշտ եւ միշտ զվարթ: Անգամ այն ժամանակ՝ 13 եւ 14 թվականներին, երբ «Հին աստվածները» դղրդում էր մեր քաղաքներում եւ արվեստի տոն էր տոնում՝ հեղինակ Շանթը չէր երեւում մեջտեղ: Իր ներկայությունը զգացնել չէր տալիս բնավ: Եվ ամենից զարմանալին այն էր, որ չէր գնում սեփական պիեսի ներկայացումը տեսնելու…»: Հակոբ Սրապյանի հոդվածից։