«Բարձրագույն պարգեւ ինձ համար եղավ, երբ մի ծերունի ձեռքս համբուրեց Սարդարապատում…»․ անվանի վարպետի կյանքի պատմությունը

Արա Հարությունյանը դիմաքանդակների մեծ վարպետ է՝ Հովհաննես Թումանյան, Վարդան Աճեմյան, Մհեր Մկրտչյան, Զարեհ Սահակյանց, Ֆրանց Վերֆել, հայ եւ օտարազգի մեծանուն այլ դեմքեր:

Անվանի արվեստագետն առաջիններից է մեր իրականության մեջ ստեղծել քանդակագործության, ճարտարապետության տարածական համալիրներ՝ մայր թատրոնի քանդակահամալիրը՝ թատրոնի մուտքը, Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը, Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրը, որի բացումից հետո մի ծերունու՝ իր ձեռքն համբուրելն էր համարելու իր վաստակի մեծագույն գնահատականը.

«Բարձրագույն պարգեւ ինձ համար եղավ, երբ մի ծերունի ձեռքս համբուրեց Սարդարապատում, շատ անհարմար զգացի, բայց եւ շատ հուզվեցի…»: Քանդակագործը հեղինակ է նաեւ մշակութային, հասարակական շենքերի ներքին եւ արտաքին քանդակազարդումների՝ Էրեբունի թանգարանի ճակատամուտքը՝ «Արգիշտի թագավորը եւ քաղաքի հիմնադիրները», հարավային ճակատը՝ «Առյուծի որս», եւ հյուսիսայինը՝ «Խալդ աստված», Երեւանի գինու կոմբինատի հարթաքանդակները՝ «Պայքար առյուծի հետ», «Աղվեսներ»: Հակոբ Սրապյանի հոդվածից։