ՀԱՅ մշակութաբան, ում շնորհիվ պահպանվել են մեր մեծերի բացառիկ ձեռագրերն ու անձնական իրերը

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի կյանքի անցած ուղին հեշտ չի եղել։ Նա կարողացել է հասնել ժողովրդական սիրո ու ճանաչման։ Սերգեյ Առաքելյանը հայ թատերարվեստի այն անուններից է, որոնք նույնացվում են համեստության, անխոնջ աշխատանքի ու անսահման նվիրումի հետ:

Նա դերասան է, արվեստաբան, թատերական և մշակութային գործիչ։ Եղել է գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր, մշակութային միջոցառումների հմուտ կազմակերպիչ, իր նշանակալի ներդրումն է ունեցել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններում, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, որտեղ բեմադրել է ներկայացումներ, խաղացել տասնյակ դերեր, կազմակերպել բազմաթիվ ցուցահանդեսներ, գիտական նստաշրջաններ, հոբելյանական, մեծարման, ստեղծագործական երեկոներ:

Նշանակալի է նրա դերը հայ մեծերի, գրականության և արվեստի նշանավոր գործիչների անձնական արխիվների, մեծաքանակ լուսանկարների, բացառիկ ձեռագրերի, անձնական իրերի հավաքագրման և անվանական հավաքածուների ստեղծման գործում: