«Վանի ցնցող դեպքերից մեկը մատնիչ Դավոյի պատիժն էր». գիտե՞ք, թե ինչպես 20-ամյա երիտասարդը վրեժ լուծեց ՀԱՅԵՐԻՆ մատնած և թուրքերին զենքի պահեստների տեղը ցույց տված ՀԱՅ դավաճանից

Վանի ցնցող դեպքերից մեկը մատնիչ Դավոյի սպանությունն է Տաճատ Թերլեմեզյանի կողմից: Բնիկ վանեցի Արշալույս Բերբերյանն իր օրագրում տվել է դեպքի մանրամասները։

Դավոն հայ դաշնակցական էր և միևնույն ժամանակ գիտեր դաշնակցության գաղտնիքները, զենքի պահեստները և այլն: Թե ինչից դրդվեց, հայտնի չէ: Բայց ինչ որ է, Դավոն իր պատիվն ու ընկերների պատիվը ոտնահարեց և հայ ժողովրդի պատվի հետ խաղաց: Նա գնաց հայերին մատնեց թյուրքերի ձեռքը, թյուրքական պաշտոնյայի շորեր հագավ և թյուրք կառավարական պաշտոնյաների հետ գալիս ու ամեն մութ տեղեր, ամեն ծակ ու ծուկ, ամեն զենքի պահեստներ նրանց ցույց էր տալիս: Այս դեպքի վրա թյուրք կառավարությունը ավելի գազազեց, թե «Հայեր էսքան զենք, էսքան պահեստ պատրաստել են ինձ համար…»:

…Հայ և թրքական դիրքերից անվերջ կրակում էին, հա կրակում: Կռիվը մի քանի օր տևեց: Մի օր շատ ուժեղ, մի օր թեթև… Թեթև կռվելու ժամանակ սրտոտ մարդիկ երբեմն սիրտ էին անում ներս ու դուրս անելու: Դրանց շարքին էր նաև մի երիտասարդ՝ շուրջ 20 տարեկան՝ Թերլեմեզյան Տաճատ, որ գաղտնի ատրճանակ է վերցնում, դնում գրպանը ու դուրս գնում, ուղղակի կանգնում Խաչփողան:

vaneciner
Տաճատ Թերլեմեզյանը նկարում ձախից 2-րդն է

Քիչ անց տեսնում է մատնիչ Դավոն, պետական շորեր հագած, մենակ ու առոք-փառոք գալիս է: Տաճատը ուրախ-ուրախ ընդառաջում է նրան, ձեռք տալիս, թե «Բարով, Դավիթ բեկ, բարով, քեֆդ ինչպե՞ս է, շատ ուրախ եմ քեզ տեսնելուս համար»: Ասում է ու ձեռքը կրկին եղբայրաբար պարզում Դավոյին, իբր թե նոր պաշտոնի և հագած շորերի համար… Դավիթը շատ է զգացվում ու քաղցր խոսքերից ոգևորված՝ ավելի մոտենում Տաճատին, ու 2-3 րոպե սիրալիր խոսելուց հետո Տաճատը ատրճանակը հանում է ու ուղղակի Դավոյի սրտի մեջ…

Բախտի բերմամբ հենց նույն վայրկյանին մի ֆայտոն է անցնում, և հայ ֆայտոնչին տեսնում է կատարվածը և այն, որ Տաճատը փոխանակ փախչելու՝ անշարժ ու քարացած կանգնել է… Նա ուժեղ բղավում է. «Տաճա՛տ, փախի…»։ Տաճատը հանկարծ սթափվում և փախչում է…

Սիլվա Կապուտիկյանի տուն — թանգարան / Silva Kaputikyan Home-Museum