«Ա՛յ տղա, որ ասեմ ճիշտն ու սուտը ես էլ չեմ ջոկում, հավատա, էնքան եմ պատմել, որ դժվարանում եմ ասել՝ որն է հնարածը, որը՝ իրականը». գիտե՞ք, թե ովքեր են ամենամեծ ստախոսները ըստ ՀԱՅ մեծ գրող Վախթանգ Անանյանի

Հիանալի զրուցընկեր է: Համով, հոտով մարդ: Կարող ես օրերով լսել ու չհոգնել: Նա և Հրաչյա Քոչարը Լուսակերտում հարևանությամբ կառուցել են ամառանոցներ և այնտեղ են անցկացնում և՛ ամառը, և՛ ձմեռը: Ամառանոցներում հաճախ եմ լինում նաև ես (գրող Մկրտիչ Սարգսյանը):

Նստել ենք Վախթանգ Անանյանի հետ այգում՝ սեղանի շուրջ, զրուցում և ճաշակում ենք այգու տանձն ու խնձորը և այլ բարիքներ: Քանի անգամ փորձեց մեջտեղ բերել իր իսկ քաշած օղին, սակայն ես չթողեցի, որովհետև գիտեի, որ հիվանդ է, և ինքը չի խմում, իսկ ես առանց բաժակակցի կյանքումս սովորություն չունեմ բերանս խմիչք առնելու: Իսկ հիմա սիրելի Վախթանգը խոսում է. ժողովրդական բառ ու բանը, խոսքի փայլատակումները ասես թափվում են ոչ թե նրա բերանից, այլ առատության եղջյուրից: Հետո նայում է ինձ և ժպտում.

— Հիմա պիտի ասես՝ էս Վախթանգը որ էսքան սուտուղորթ խառնում է իրար, տեսնես՝ ասածներից որն է ճիշտ և որը՝ սուտ: Ա՛յ տղա, որ ասեմ ճիշտն ու սուտը ես էլ չեմ ջոկում, հավատա, ասածներիս մեջ հնարածը, հնարովին շատ է, բայց էնքան եմ պատմել, որ դժվարանում եմ ասել՝ որն է հնարածը, որը՝ իրականը: Հա, էն էլ ասեմ, որ ամենամեծ ստախոսները մեկ որսորդներն են, մեկ՝ ֆրոնտովիկները և մեկ էլ՝ նարդի խաղացողները,— հետո նայելով աչքերիս,- վահ, տնաշե՛ն, ինչո՞ւ ինձ չես ասում, թե ստախոսների մեջ ամենամեծ ստախոսը դու ես, Վախթա՛նգ, որովհետև և՛ որսորդ ես, և՛ ֆրոնտովիկ, և՛ նարդիստ: Ասա, է, վախիլ մի…

Ծիծաղում է: Ես նայում եմ վերև՝ Քոչարի ամառանոցն է ու մենատունը, ներքևում՝ Անանյանինը:

— Սիրելի՛ Վախթանգ,- ասում եմ,— ինձ թվում է Հրաչյա Քոչարի տարածքն ավելի հարմար դիրք ունի շրջապատի նկատմամբ: Գուցե ճիշտ կլիներ, եթե դու ընտրեիր վերևինը…

— Քոչարն ուրիշ սկզբունքով մոտեցավ այս հարցին: Գնաց, կանգնեց այս տարածության կենտրոնում և ասաց. «Վախթա՛նգ, էս վերևի մասն՝ ինձ, ներքևինը՝ քեզ: Հիմա ընտրիր՝ ո՞րն ես ուզում…»:

Ու ծիծաղում է:

Գրող Մկրտիչ Սարգսյան