Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ պատմաբան, լրագրող ԽԻԿԱՐ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ եղել է «Հայաստան» հրատարակչության տնօրենը. Գիտե՞ք, թե էլ ինչեր է արել.

Պատմաբան, լրագրող ԽԻԿԱՐ ԲԱՐՍԵՂՅԱՆ ծնվել է ՀՀ Շինուհայր գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)։ 1941թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1941-44թթ ծառայել է սովետական բանակում։ 1944-53թթ աշխատել է «Սովետական Հայաստան», «Բանվոր» թերթերում, ՀԿԿ Կենտկոմում, 1953-61թթ՝ ՄԼԻ հայկական մասնաճյուղում, սկզբում որպես տնօրենի տեղակալ, ապա՝ տնօրեն, 1961-67թթ՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում։

1967-70թթ եղել է «Հայաստան» հրատարակչության տնօրենը։ 1970թ-ից աշխատել է որպես ՀՀ ԳԱ Նախագահությանն առընթեր հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի բաժնի վարիչ։ 1948թ-ից դասավանդել է Երևանի բուհերում։ Եղել է Հայկական ԽՍՀ 5-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ։

Աշխատությունները նվիրված են Անդրկովկասի հեղափոխական շարժումների, բոլշևիկյան հայ պարբերական մամուլի, ՍՄԿԿ պատմության խնդիրներին։ 1966թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1966թ-ից՝ պրոֆեսոր)։ Արժանացել է Ս.Վավիլովի, Խ.Աբովյանի անվան մեդալների, 1979թ.՝ Ս.Շահումյանի անվան մրցանակի, 1987թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: