ՀԱՅ գեղանկարիչ ով դարձել է Ռուս նկարիչների միության հիմնադիրներից մեկը. Գիտե՞ք, թե ովքեր են ՆՐԱ մեջ սերմանել ռուսական բնապատկերների հանդեպ սեր.

Գեղանկարիչ ՄԱՆՈՒԿ ԱԼԱՋԱԼՈՎ կամ Էմանուել Ալաջալով ծնվել է Նոր Նախիջևանում: 1883-90թթ սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: 1902թ-ից դասավանդել է Ստրոգանովյան ուսումնարանում: Ապրել և ստեղծագործել է Մոսկվայում: Նրա ուսուցիչներն են եղել հանրահայտ ռուս նկարիչներ Ա.Սավրասովը, Վ.Մակովսկին, Ի.Պրյանիշնիկովը, որոնց շնորհիվ նրա մեջ սեր է ծնվել ռուսական բնապատկերների հանդեպ:

Պատկերել է մերձմոսկովյան վայրերի բնությունը: Բնանկարներից են «Իջևանատան մոտ», «Վաղ գարուն», «Ամառը գյուղում», «Լուսնկա գիշեր», «Ձմեռ», «Ձմեռը գյուղում», «Գարնանամուտ», «Ամառ» և այլն, որոնք քնարական են, իրենց բնույթով մոտ ռուսական բնանկարչության այն դպրոցին, որ գլխավորել է նրա ժամանակակից Ի.Լևիտանը։ Նկարչի գործերը ցուցադրվել են ռուս նկարիչների միության նկարահանդեսներում:

1893թ-ից եղել է Մոսկովյան նկարիչների ընկերության, 1927թ-ից Ռեալիստ նկարիչների միության և «Среда» գեղարվեստական խմբակի անդամ: 1903թ. դարձել է Ռուս նկարիչների միության հիմնադիրներից մեկը: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: 1887թ. և 1889թ. արժանացել է փոքր, 1890-91թթ մեծ արծաթե մեդալների: Գործերից պահվում են մի շարք երկրների թանգարաններում, Տրետյակովյան պատկերասրահում, Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Մոսկվայում: