ՀԱՅ խորհրդային կոմպոզիտոր, ում մեծարել է նույնիսկ թշնամին. նա կազմակերպել է երգչախմբեր ու համերգներ տվել Անդրկովկասի հայաշատ քաղաքներում

Հայ խորհրդային կոմպոզիտոր Անտոն Սարգսի Մայիլյանը ծնվել է 1880 թվականին Թիֆլիսում: Կրթություն է ստացել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, մասնագիտականը` Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում (1900-04թթ): Աշակերտել է Քրիստափոր Կարա-Մուրզային, Մակար Եկմալյանին, Նիկոլայ Կլենովսկուն:

Ղեկավարել է Բաքվի Հայարտան երաժշտական սեկցիան, կազմակերպել թատերական-երաժշտական ստուդիա, երգչախմբեր, համերգներ տվել Անդրկովկասի հայաշատ քաղաքներում: Խմբագրել և հրատարակել է «Թատրոն և երաժշտություն» հանդեսը: Գրել է «Սաֆա» օպերան (1933թ., բեմադրվել է Բաքվում, Ախունդովի անվան օպերայի և բալետի թատրոնում, 1939թ.), երաժշտական կատակերգություններ, բալետներ, սիմֆոնիա, վոկալ-սիմֆոնիկ, կամերային-գործիքային երկեր, մանկական օպերաներ (այդ թվում` «Գյուլնազ տատի հեքիաթը», ըստ Ղ.Աղայանի, 1906թ., «Չարաճճի Միկիչը», ըստ Հ.Թումանյանի, 1925թ.), ռոմանսներ, երգեր, կատարել ժողովրդական երգերի մշակումներ և այլն:

anton mayilyan

Իր գործունեությամբ նպաստել է Անդրկովկասի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: Արժանացել է Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Բաքվում: