ՀԱՅ կոմպոզիտոր, ով նպաստել է ՀԱՅԿԱԿԱՆ երաժշտության այժմ տիրապետող ոճի ձևավորմանը և գրել է «Սայաթ-Նովա» ֆիլմի երաժշտությունը. ճանաչեցի՞ք մեր ժողովրդական արտիստին

Հայ կոմպոզիտոր, դիրիժոր, թառահար, մանկավարժ Արամ Հարությունի Մերանգուլյանը ծնվել է 1902 թվականի հունիսի 8-ին Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղում: Ղեկավարել է մի քանի ինքնագործ երաժշտական խմբեր: Սովորել է Երևանի կոնսերվատորիայի թառի բաժնում` Սաշա Օգանեզաշվիլու դասարանում, ստեղծագործության բաժնում` Վարդգես Տալյանի դասարանում:

Կազմակերպել և տարիներ շարունակ ղեկավարել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլը, որն էլ 1967թ-ից անվանվել է Արամ Մերանգուլյանի անունով: 1931-33թթ Երևանի կոնսերվատորիայում, ապա յոթ տարի Ռ․Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում դասավանդել է ժողովրդական գործիքների դասարանում:

Հեղինակել է բազմաթիվ երաժշտություններ, որոնցից են`«Խաչատուր Աբովյան» (խոսք` Սարմենի), «Լեռներ հայրենի» (խոսք` Վ.Արամունու), Հ.Շիրազի «Սիամանթո և Խաջեզարե» պոեմի համար գրված` «Դու ինձ համար», «Ա՜յ գառներ», «Երազիս մեջ», «Ա՜յ աղբյուր» և այլն, քառամաս «Պարային սյուիտ», «Հարսանեկան պար», «Վարդերով պար», «Անահիտ» պար և այլն:

aram merangulyan

Ժողովրդական երգերի ու պարեղանակների բազմաթիվ մշակումներով նպաստել է հայկական երաժշտության՝ այդ ասպարեզում այժմ տիրապետող ոճի ձևավորմանը: Գրել է «Սայաթ-Նովա» ֆիլմի երաժշտությունը: Նրա որոշ գործեր հրատարակվել են առանձին, իսկ 1972թ. նաև մի ժողովածուով:

Թառի նվագի իր սկզբունքներն ու փորձը շարադրել է հատուկ ձեռնարկում (անտիպ): Իր անսամբլով մասնակցել է հայ արվեստի մոսկովյան երկու տասնօրյակներին (1939թ., 1956թ.): Պարգևատրվել է «Պատվո նշան» երկու շքանշանով: Արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է 1967 թվականի նոյեմբերի 17-ին Երևանում: