«ԽԱՉԱՏՐՅՆԱՆԸ անմահ է: Նրա գործերում ՀԱՅ ժողովրդի պայքարի և հաղթանակի ոգին է». ինչպե՞ս ՀԱՅ հանճարի երաժշտությունը փափկեցրեց անգամ Չե Գևարային կոպիտ հոգին

1939-ին կոմպոզիտորը ստեղծում է իր առաջին բալետը, որն ի սկզբանե կոչում է «Ուրախություն»: Հետագայում այն վերանայելու էր եւ վերանվանելու…«Գայանե»: Հանճարեղ երաժշտի կյանքում ստեղծագործական առատ հունձքի ժամանակներ էին՝ երաժշտություն դրամատիկ ներկայացումների ու ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն, «Ջութակի համերգ»-ը, «Երկրորդ սիմֆոնիան», «Թավջութակի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը, «Երրորդ սիմֆոնիան», «Պոետիկ սիմֆոնիան»: 

Երաժշտական աշխարհում սկսվել է խաչատրյանական երաժշտության հաղթարշավի ժամանակաշրջանը՝ համերգային շրջագայություններ խարհրդային անծայրածիր երկրի տարածքով մեկ՝ Լենինգրադ, Կիեւ, Երեւան, Թբիլիսի, Սոչի, Խարկով: 1950-ին՝ Հռոմ, որը դառնում է Արամ Խաչատրյանի համաշխարհային շրջագայության առաջին քաղաքը: Այնուհետեւ հաղթարշավներ բոլոր մայրցամաքների 42 երկրներում, հանդիպումներ մշակույթի աշխարհահռչակ բազում դեմքերի հետ՝ Սիբելիուս, Հեմինգուեյ, Չապլին, Դալի, այլք… 

Մեծահամբավ կոմպոզիտորը 50-ականներից սկսում է զբաղվել նաեւ մանկավարժությամբ՝ դասավանդում է իր ուսանած կրթօջախներում՝ Գնեսինի ինստիտուտում, Մոսկվայի կոնսերվատորիայում: Հետագայում նրա հայ, ռուս եւ այլազգի ուսանողներից շատերը անվանի արվեստագետներ էին դառնալու, երախտագիտությամբ ու հպարտանալով էին տալու իրենց մեծանուն ուսուցչի անունը: 

1956-ին բեմադրվում է աշխարհի բեմերի զարդը դարձած «Սպարտակ» բալետը, որի առիթով է, գուցեեւ, ազատության հանրահայտ մարտիկ Էռնեստո Չե Գեւարայի հիացական խոսքը. «Արամ Խաչատրյանի երաժշտությունն անմահ է: Դրանում ՀԱՅ ժողովրդի ոգին է՝ պայքարի եւ հաղթանակի ոգին…»:

Ինչպես Մարտիրոս Սարյանի կախարդական վրձնով, այնպես էլ խաչատրյանական տիեզերահունչ երաժշտության շնորհիվ քաղաքակիրթ մարդկությունը գորովալից հայացքով նայեց աշխարհի քաղաքական քարտեզում գրեթե աննշմարելի Հայաստան երկրին: Այս տեսանկյունից առավել քան հնչեղ է Համո Սահյան բանաստեղծի մարգարեական դիտարկումը. «Արամ Խաչատրյանը դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում, դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու խորհրդանիշ. դարձել է մեր քաղաքակրթության վկայականը…»: