ՀԱՅ երաժշտագետ, ով եղել է Մարտիրոս Սարյանի հարսը. ճանաչեցի՞ք մեր արվեստի վաստակավոր գործչին

Հայ երաժշտագետ Արաքսի Արծրունու Սարյանը (Հարությունյան) ծնվել է 1937 թվականի օգոստոսի 17-ին Լենինականում (այժմ` Գյումրի): Ավարտել է տեղի Ք.Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ինչպես նաև Հայաստանի ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան, որից հետո եղել է նույն ինստիտուտի գիտական աշխատող:

Երկար տարիներ դասավանդել է երաժշտական դպրոցում: Աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյում` որպես խմբագիր: 1969թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, եղել է երաժշտության պատմության ամբիոնի վարիչը (1986թ-ից՝ պրոֆեսոր):

araqsi saryan

Հեղինակել է հայկական երաժշտությանը վերաբերող մի շարք աշխատություններ, տասը մենագրություն, գրքերի թարգմանություններ, շուրջ հիսուն գիտական հոդվածներ, բազմաթիվ հրապարակումներ պարբերական մամուլում, հեռուստատեսային հաղորդումներ, զեկուցումներ հայաստանյան և միջազգային գիտաժողովներում:

Երկար տարիներ ղեկավարել է ՀՀ պետական մրցանակի հանձնաժողովը` երաժշտական արվեստի բնագավառում: Եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: Արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, «Ազգային ժողովի պատվո», «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալների: Մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանում: