«Իմ արմատների պատմությունն անվերջ ինձ հետ է, մտքումս հաճախ մեկիկ-մեկիկ խոսում եմ բոլոր հարազատներիս հետ»․ հայ դերասանուհու կյանքի պատմությունը

Նյու Յորքում բնակվող դերասանուհի եւ ռեժիսոր Նորա Արմանին ծնվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, սովորել տեղի Նուպարեան վարժարանում: Գլխավոր դերեր է կատարել անգլիական, եգիպտական եւ ամերիկյան հեռուստասերիալներում, նկարահանվել բազմաթիվ կարճամետրաժ եւ լիամետրաժ ֆիլմերում:

Նյու Յորքում բեմադրել է Վիլյամ Սարոյանի, Ագնես Ժաուի, Ժան Պիեռ Բակրիի, Ալեքսանդր Դյումայի ստեղծագործությունները: Սարոյան բեմադրել է նաեւ Երեւանում։ Նրա արձակ եւ չափածո գործերը հրատարակվել են տարբեր ժողովածուներում։ «Արարատեան կայան» ներկայացումը՝ Ժիրայր Բաբազեանի հետ, «Բազմոցի վրա՝ Նորա Արմանիի հետ» եւ «Ինձ մի ինքնություն փոխ տվեք, էլի» գործերը միջազգային հաջողություն են ունեցել եւ հեռարձակվել ֆրանսիական ու ամերիկյան ռադիոյով:

«Իմ արմատների պատմությունն անվերջ ինձ հետ է, մտքումս հաճախ մեկիկ-մեկիկ խոսում եմ բոլոր հարազատներիս հետ: Երբեմն թվում է, թե մենք բոլորով նույն բանն ենք մտածում՝ այն, թե ինչ կլիներ, եթե մեր մեծ հայրերի ու մեծ մայրերի հետ տեղահանություն չկատարվեր: Անհերքելի փաստ է, որ հայրենի հողը կենարարության ու կենսունակության անփոխարինելի աղբյուր է, ինչպիսի պայմաններում էլ որ լինի»,- ասում է դերասանուհին: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։