«Ֆիդային հարստություն չունի, օթևան չունի, նա գերեզման չունի ու ամենամեծ բաղձանքը կռվի մեջ մեռնել է՝ ազատությունը շուրթերին». ԴԱՇՏԵՆՑԻ անզուգական խոսքերը, որ պիտի կարդա ամեն ՀԱՅ

«Աշխարհում ֆիդային ոչ մի հարստություն չունի: Նա օթեւան չունի: Յոթ օրից ավելի ֆիդային իրավունք չունի մնալու նույն տեղում: Նա անվերջ շարժման մեջ է: Երբ բոլորը քնած են, ֆիդային ելնում է ոտքի: Նա զրկված է լուսաբացի քաղցր քնից: Ոչ ոք չպիտի իմանա, թե ֆիդային ինչ ուղղությամբ անհայտացավ խավարի մեջ, որ ձորից ելավ եւ որ սարի լանջերով գնաց: Գյուղ մտնելիս ֆիդայու իջեւանը հայ լեռնականի գոմի կամ մարագի մութ անկյունն է: Երբ ձմեռ է, նա պետք է գտնի որեւէ քարայր եւ մտնի մեջը, մինչեւ գարունը բացվի, կամ սառած ձյունը փորի եւ ծածկվի ձյունի տակ՝ մի աննշան ճեղք թողնելով լույսի եւ օդի համար:

Ֆիդային գերեզման չունի: Նրա ամենամեծ բաղձանքը կռվի մեջ մեռնելն է՝ ազատության երգը շուրթերին եւ գնդակը ճակատին…»:

«Ինչպես հայ ֆիդայիները դաշտադեմցի Խաչիկի կանչով նոր-նոր գալիս են դեպի մեզ, այնպես էլ ինքը՝ Խաչիկ Դաշտենցը նրանց հետ գալիս է եւ ամեն սերնդի հետ կորոնի իր հայրենիքի Բրաբիոն ծաղիկը»,- ժամանակին այսպես է գրել ֆիդայականչի մեկ այլ փողհար՝ Մուշեղ Գալշոյան անուն-ազգանունով: 

Սասնա Դաշտադեմ գյուղի հովիվ Տոնո Տոնոյանի ընտանիքում է ծնվել մեծավաստակ արձակագիրը, բանաստեղծն ու թարգմանիչը, ով իր ծննդավայրի անունն էր նախընտրելու որպես գրական անուն: Հետո այդ անունը հայտնվելու էր դասականների ցանկում, որոնք ցոլացրել են հայ գենի հանճարը: Իսկ մինչ այդ ճաշակելու էր վայրից վայր որբանոցային կյանքի դառնությունները՝ մինչեւ Գյումրիի ամերիկյան որբանոց, միջնակարգից հետո ուսուցչություն էր անելու Հոռոմ եւ Սառնաղբյուր գյուղերում, ավարտելու էր մայր բուհի լեզվագրական ֆակուլտետը, աշխատելու «Ավանգարդ» թերթում, դասավանդելու պետհամալսարանում, Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում, պոլիտեխնիկականում, ակադեմիայի արվեստի ինստիտուտում:

Թարգմանությունը՝ թարգմանություն, բայց գրողին լայն ճանաչում էր բերելու արեւմտահայության ողբերգությունը եւ սասունցիների կյանքն արտացոլող «Խոդեդան» վեպը: Ժողովրդական խոսքուզրույց, պատմական հիշատակներ, ազգագրություն եւ հեքիաթներ, կենցաղ եւ գեղջկական պատումային ձեւեր՝ ժողովրդագիտության ամբարած իր այս պաշարները, որ կաթիլ առ կաթիլ ժողովել էր վաղ մանկությունից մինչեւ իմաստնության հասակը՝ ի գործ էր դնելու բանահյուսական-էպոսային արձակի մեծակտավ խնդիրը լուծելու համար:

Ծնվեց Դաշտենցի գրքերի գիրքը՝ «Ռանչպարների կանչը»՝ թուրքական բռնակալության դեմ հայ «չաթալսիրտ» հայդուկների մղած պայքարի մասին: Գրողի շողարձակ այս վիպասքը բաժանվում է երեք մասի՝ առաջինը ներառում է 57 նովել, երկրորդը՝ 23, եւ երրորդը՝ 20: Դրանցից յուրաքանչյուրն առանձին մի պատում է՝ ներդաշնակ շարունակականությամբ, գրական որեւէ ժանրի մեջ չսահմանափակվող էպիկական ու ոգեշունչ ստեղծագործություն: