«Հայաստանը հրաշալի երիտասարդություն ունի, և ես վստահ եմ՝ եթե նրանց աջակցենք, թև տանք, մեր թռիչքն այլևս անկասելի կլինի»․ Նորա Արմանի

Ձեզ ենք ներկայացնում մեր հայրենակցուհի Նորա Արմանիի պատմություններն ու հուշերը իր արմատներից։ Նա հայտնի դերասանուհի է Եգիպտոսում, իսկ այժմ բնակվում է ԱՄՆ-ում։

«Իմ մեծ մայր Կուսինէն ապրեց 90 տարի, տեսավ ու պահեց իր բոլոր թոռներին, մահացավ 1975 թվականի օգոստոսին: Զուսպ, առաքինի կին էր, միշտ գնում էր Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Մեծ մայրս շատ լավ թուրքերեն գիտեր, բայց միշտ հայերեն էր խոսում ու պնդում էր, որ մենք էլ հայերեն խոսենք,- հիշում է Նորան,- շատ էր տանջվում, բայց ատելություն կամ վրեժ չէր քարոզում»:

Նորայի մայրը՝ Արմինէն, երկու զավակ ունեցավ՝ Նորան ու Վազգենը, որին անվանել էին Վազգէն Վեհափառի անունով: Վազգենն այժմ ապրում է Ճապոնիայում, Նորան՝ Նյու Յորքում, հայրը՝ Ագրիպասը, Լոս Անջելեսում է: Մայրը մահացել է։

«100 տարի առաջ մեզ հետ աներեւակայելի ողբերգություն է պատահել, դա մենք մեր պատմությունից չենք կարող ջնջել կամ մոռանալ: Ես վստահ եմ, որ մեր անցյալը հաղթահարելու համար մենք պարտավոր ենք հզորացնել, զարգացնել այսօրվա Հայաստանը, մեր ամենափոքրիկ ջանքն անգամ ներդնել երջանիկ, արդար Հայաստան ունենալու համար,- ասում է Նորան եւ ավելացնում,- Հայաստանը հրաշալի երիտասարդություն ունի, եւ ես վստահ եմ՝ եթե նրանց աջակցենք, թեւ տանք, մեր թռիչքն այլեւս անկասելի կլինի»: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։