«Ես ցավում եմ, որ լի եմ ստեղծագործ ուժերով, բայց ստիպված եմ հիշողություններով ապրել». հիշու՞մ եք ՀԱՅ ԼԵԳԵՆԴԻ ֆիլմերը, ով ստեղծեց ԴՈՎԼԱԹՅԱՆԱԿԱՆ ՈՍԿԵ դար

1987 թվականին՝ մայիսյան մի երեկո, Սերգեյ Փարաջանովի թիֆլիսյան տանը մեծ խնջույք էր կազմակերպվել՝ թատերային շուքով ու մեծ հանդիսավորությամբ: Կենացների ու զրույցների ամենաթեժ պահին ռեժիսորը պահարանից հանում է մի թիկնոց, որը բանտարկման տարիներին նա կարել էր մեկ այլ հայտնի ռեժիսորի՝ Ֆեդերիկո Ֆելինիի համար՝ ի նշան մեծ վարպետի արվեստի գնահատման: Հարցին, թե ինչ է խորհրդանշում այդ թիկնոցը, Փարաջանովն ի պատասխան՝ հանդիսավորությամբ այն գցում է խնջույքին ներկա բարեկամներից մեկի ուսերին եւ խմում նրա կենացը՝ նման քայլով հասկացնելով բոլորին, որ մեծարում է իր ժամանակի ռեժիսորներից մեկին՝ Ֆրունզե Դովլաթյանին, որի 60-ամյակի առիթով էլ Փարաջանովը կազմակերպել էր այդ խնջույքը…

Ֆրունզե Դովլաթյան. մեծանուն ռեժիսոր, ով հայ կինոարվեստին ընծայեց այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Բարեւ, ես եմ», «Սարոյան եղբայրներ», «Երկունք», «Ապրեցեք երկար», «Մենավոր ընկուզենին», «Երեւանյան օրերի խրոնիկա», «Կարոտ»: Ֆիլմեր, որոնք իրենց հետքն են թողել հայկական կինեմատոգրաֆիայի պատմության մեջ, առանձնացել ինքնատիպ ձեռագրով, երազի ու իրականության միաձուլումով, գլխավոր հերոսի ճակատագրով:

Իսկ մինչ այդ նա խաղացել էր հայկական մի քանի ֆիլմերում, մոսկովյան կինոինստիտուտն ավարտելուց հետո, երեք կարճամետրաժից բացի, Մոսկվայում բեմադրել է երկու լիամետրաճ կինոնկար՝ Լեւ Միրսկիի հետ՝ «Դիմա Գորինի կարիերան» եւ «Առավոտյան գնացքները»:  Ի դեպ, Դովլաթյանի՝ մոսկովյան կինոինստիտուտիի ռեժիսուրայի բաժնում ուսումնառությունը հիրավի հիշարժան է. նրա կուրսային աշխատանքը՝ «Մեր քաղաքի առավոտը» խորագրով, ներկայացվելով Վիեննայի փառատոնին, արժանանում է առաջին մրցանակի, իսկ հետագայում՝ 1966 թվականին, մասնակցում է Կաննի միջազգային փառատոնին՝ «Բարեւ, ես եմ» ֆիլմով, փառատոն, որի ժյուրիի նախագահը աշխարհահռչակ Սոֆի Լորենն էր:

Իսկ հայ կինոռեժիսուրայի մեկ այլ վարպետ՝ Հենրիկ Մալյանը, այսպես պիտի բնութագրեր բոլոր հմայքներով շռայլորեն օժտված իր գործընկերոջը. «Հետաքրքիր, իմաստուն ու բովանդակալից ստեղծագործությունների հեղինակ է Ֆրունզե Դովլաթյանը, արդեն բոլորովին ոչ պատանի, բայց միշտ գեղեցկատես, արտիստիկ փայլով ու միշտ ռոմանտիկական ներշնչանքով…»:

Նա կարող էր անել ավելին, ինչ հասցրեց: Կարող էր, եթե ժամանակները զերծ լինեին գաղափարական կապանքներից ու զսպաշապիկներից: Եթե կաղապարված չլինեին արվեստագետների արարումները, եթե չմկրատվեին նկարահանված շատ տեսարաններ եւ կապանքված չլիներ ազատամտությունը: Այդուհանդերձ, նա կշարունակեր իր հունձքը հայ կինոարվեստում, եթե յոթ տասնամյակը բոլորած հասակում կարողանար շրջանցել մահվան ուրվականը:

«Ես ցավում եմ, որ լի եմ ստեղծագործական ուժերով, սակայն ստիպված եմ հիշողություններով ապրել…»,-ասելու էր հիվանդանոցում տված թերեւս վերջին հարցազրույցում:

Երանի ապրեր, ապրեր թեկուզ հիշողություններով: Բայց չապրեց՝ վարագույրն իջավ 1997 թվականի օգոստոսի 31-ին՝ նշյալ զրույցից կարճ ժամանակ անց: Փակվեց հայ կինոարվեստում նրա բացած լուսեղեն էջը, որը ոսկետառված էր՝ ԴՈՎԼԱԹՅԱՆԱԿԱՆ…