ՀԱՅՈՒՀԻ, ով դարձավ Ջուզեպպե Վերդիի և Ջակոմո Պուչչինիի ստեղծագործությունների անզուգական կատարողը. Իմացե՛ք ավելին ՆՐԱ մասին.

Օպերային երգչուհի ԿԱԼԵՆ ԷՍՊԵՐՅԱՆ ծնվել է 1961թ. հունիսի 8-ին, ԱՄՆ-ի Բարինգտոն քաղաքում։ Ավարտել է ԱՄՆ-ի Իլլինոիսի համալսարանը: 1985թ. Ֆիլադելֆիայում մասնակցել է Լ.Պավարոտտիի անվան վոկալիստների միջազգային մրցույթին և արժանացել առաջին մրցանակին: 1986թ. դեբյուտային համերգով հանդես է եկել Ֆիլադելֆիայի օպերային բեմում, որտեղ կատարել է Միմիի դերերգը՝ Ջ.Պուչինիի «Բոհեմ» օպերայում, որից հետո Լուչիանո Պավարոտտիի հետ հյուրախաղերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում:

Հանդես է եկել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա», Լոնդոնի «Քովենտ Գարդեն», Միլանի «Լա Սկալա», Փարիզի ազգային օպերա, Բուենոս Այրեսի «Կոլոն», Չիկագոյի «Լիրիկ օպերա», Ամստերդամի «Նիդերլանդս օպերա» թատրոններում, ինչպես նաև Եվրոպայի և ԱՄՆ այլ օպերային բեմերում: Նրա ելույթները ցուցադրվել են աշխարհի մի շարք հեռուստաընկերություններով և թողարկվել ձայնասկավառակներով: Խաղացանկը ընդգրկում է հիմնականում Ջուզեպպե Վերդիի և Ջակոմո Պուչչինիի ստեղծագործությունները։

Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ջ.Վերդիի «Լուիզա Միլլեր» (Լուիզա), «Օթելլո» (Դեզդեմոնա), «Սիմոն Բոկանեգրա» (Ամելիա), «Ստիֆելիո» (Մինա), «Ֆալստաֆ» (Ալիսա Ֆորդ), Ջ.Պուչինիի «Բոհեմ» (Միմի), «Տուրանդոտ» (Լիու), «Մադամ Բաթերֆլայ» (Չիո Չիո Սան) և այլն: 2011-12թթ դասավանդել է ԱՄՆ-ի Միսիսիպիի համալսարանում, իսկ Մեմֆիսի «Ռոդես» քոլեջի կողմից ստացել է պատվավոր դոկտորի կոչում: Արժանացել է մի շարք մրցանակների և պարգևների ԱՄՆ-ում, Գերմանիայում և այլ երկրներում, 2017թ.՝ ԱՄՆ-ի Թենեսի նահանգի վաստակավոր արտիստի կոչման: