«Մեծ մայրս Եգիպտոսում գրադարան ուներ, սակայն չգիտեմ, թե ո՞ր մասն է իր հետ բերել Կեսարիայից». ընտանիք, որ կարողացավ փրկվել կոտորածներից

Ցեղասպանության տարիներին շատ ու շատ ընտանիքներ զրկանքներ ու կոտորած տեսան, տեղահանվեցին։ Նրանց թվում էր նաև նշանավոր հայ դերասանուհի Նորա Արմանի ընտանիքը։ Հեռավոր Կեսարիայում թողած իր երբեմնի շեն, կազմակերպված կյանքը՝ Ազատեանների ընտանիքը փորձում է օտարության մեջ կայանալ՝ բացելով կարի արհեստանոց:

Կյանքը հունի մեջ է ընկնում: 1948թ.-ին ընտանիքը ներգաղթում է Հայաստան: Սեփոն Էքսէրճեանը՝ Նորայի պապը, ոսկերիչ էր ու 1914թ. Եգիպտոս էր գաղթել Պոլսից: Սեփոնն ու Մարին ունենում են երեք որդի՝ Գեւորգ, Յակոբ եւ Ագրիպաս՝ Նորայի հայրը, որին նաեւ Վարուժան են անվանում:

«Կեսարիան ինձ համար նվիրական անուն է. իմ մոր՝ Արմինէ Պասմաճեանի ծնողները նույնպես այնտեղից էին: Երազում եմ լինել Կեսարիայում: Չգիտեմ, թե ինչ կգտնեմ այնտեղ, բայց իմ հարազատների աչքերով գոնե կնայեմ ու նրանց փոխարեն կապրեմ այդ հանդիպման նվիրական վայրկյանները»,- ասում է Նորան:

«Մեծ մայրս Եգիպտոսում մեծ գրադարան ուներ, սակայն չգիտեմ, թե ո՞ր մասն էր իր հետ բերել Կեսարիայից: Կարող եմ ասել, որ նրա գրադարանում կային հին հրատարակության Ավետարաններ: Ես այսօր Նյու Յորքի իմ տանն ունեմ 1886 թվականի հայատառ թուրքերեն Ավետարան, որը, վստահ եմ, գաղթից փրկված մասունք է»,- ասում է Նորան: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։