Հրանտ Դինքի ու նրա կնոջ ճակատագրական հանդիպումը․ ինչպե՞ս Ռաքելը դարձավ Հրանտի կյանքի անբաժան ուղեկիցը

Երբ Ռաքելն ութ ու կես տարեկան էր, Պոլսի Հայոց պատրիարք Շնորհք սրբազանի նախաձեռնությամբ նրանց գյուղ են այցելում մի խումբ հոգեւորականներ։ Այդ խմբի մեջ էին նաեւ Հայ բողոքական եկեղեցու ներկայացուցիչներ Հրանտ Գյուզելյանն ու Օրհան Յունքեշը, որոնք մի խումբ տեղացի հայ երեխաների տեղափոխում են Ստամբուլ` կրթություն տալու նպատակով:

Երեխաների երկրորդ խմբի մեջ էր նաեւ Ռաքել Դինքը՝ երկու եղբայրների հետ. «Եկանք Ստամբուլ, որ կարողանանք կարդալ-գրել սովորել, հայերեն սովորենք: Մեր գյուղին մոտ դպրոց չկար, ոչ ոք գյուղում կարդալ չգիտեր»: Ստամբուլում խումբը կանգ է առնում Թուզլայի հայ երեխաների ճամբարում` «Քամփ Արմեն»-ում:

Ճակատագրական հանդիպումը տեղի է ունենում Ստամբուլ տեղափոխվելու հենց առաջին օրերին: Հրանտ Դինքը եւս ամառները «Քամփ Արմեն»-ում էր անցկացնում: «Քամփում սիրահարված էինք արդեն»,- աղջկական ամաչկոտությամբ հիշում է Ռաքել Դինքը:

1977 թվականի ապրիլի 23-ին նրանք պսակադրվում են: Այդուհետ Ռաքելը դառնում է Հրանտի կյանքի անբաժան ուղեկիցը, խորհրդատուն, գործընկերը: Հրանտ Դինքը կրթությունը շարունակում է Ստամբուլի համալսարանում` ուսումնասիրելով կենդանաբանություն ու փիլիսոփայություն: Նրանք ունենում են երեք երեխա` Պայծառը (Դելալ), Արարատը եւ Սերան: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։