ՀԱՅ առաջին պրոֆեսիոնալ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ, ում խաղով հիանում էին բոլորը. գիտե՞ք, թե ինչու ՆԱ հայտնվեց կիսախելագարության և ծայրահեղ թշվառության մեջ

«Յուրաքանչյուր ժողովրդի թատրոնի պատմության մեջ կան սրբացված անուններ` խորհրդանշային, ազգային բեմի գաղափարը կրող դեմքեր: Դրանցից է հայ առաջին ողբերգակ դերասանուհին` Արուսյակ Փափազյանը»:

Արուսյակ Փափազյանը ծնվել է 1841 թվականին, Կոստանդնուպոլսի Գում-Գափու թաղամասում։ Իսկական անունը եղել է Մարիամ։

Սովորել է Խասգյուղի Ներսիսյան վարժարանում, Պեպեքի ֆրանսիական իգական դպրոցում՝ կաթոլիկ միանձնուհիների հսկողության տակ, իր քրոջ՝ ապագա դերասանուհի Աղավնու հետ։ Որպես ուսուցչուհի աշխատել է Ենի-Գափուի Հայկանուշյան դպրոցում։

1858 թվականին հաղթահարելով ընտանեկան արգելքը՝ մտնում է Հեքիմյանի խումբը, ընդունելով «Արուսյակ» բեմական անունը։

Նա եղել է հայ առաջին պրոֆեսիոնալ դերասանուհին։ 1861 թվականի դեկտեմբերի 14-ին Կ. Պոլսում հիմնված հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացմանը խաղացել է առաջին կարևոր դերը՝ Թերեզա (Ռոթայի «Երկու հիսնապետ») մելոդրամայում Պետրոս Մաղաքյանի բեմադրությամբ։

1857-1859 թվականներին խաղացել է Սրապիոն Հեքիմյանի թատերախմբում։ 1861-1863 թվականներին եղել է «Արևելյան թատրոն»-ի առաջատար դերասանուհի։ 1863 թվականից խաղացել է «Վասպուրական թատրոն»-ում։

1867-1869 թվականներին Արուսյակը համագործակցել է Ստեփան Էքշյանի հետ ընտրել է դասական և ռոմանտիկական խաղացանկ։ 1869 թվականին նրան տեսնում ենք Մաղաքյանի խմբում, որտեղ նա խաղում է դեպքից-դեպք երիտասարդ դերասան Պետրոս Ադամյանի հետ։ Դերասանուհու գործունեությունը նպաստել է հայ երիտասարդության ազգային ինքնագիտակցության զարթոնքին:

Արուսյակ Փափազյանի խաղով հիանում են բոլորը: Սիրավառ երիտասարդները, ովքեր հմայված էին ոչ միայն նրա բեմական տվյալներով, այլև գեղեցկությամբ` պտտվում են օրիորդի շուրջը: Շատերը հայտնում են իրենց զգացումները, որոնց Արուսյակը պատասխանում է մերժումով: Միայն նրանցից մեկն է, որ իր սիրո արձագանքն է գտնում արտիստուհու սրտում: Այդ` նկարիչ Սոփոն Պեզիճյանն էր, որը եկել էր Իզմիր հայոց եկեղեցու նկարները նորոգելու: Նա հիանում է Արուսյակի խաղով, իսկ Արուսյակն էլ` նրա նկարներով: Փոխադարձ համակրանքը հանգում է համաձայնության և նրանք ամուսնանում են:

Սակայն ամուսնությունից հետո Արուսյակ Փափազյանը ընդհատում է իր դերասանական փայլուն գործունեությունը: Ամուսինը կնոջը կտրականապես արգելում է շարունակել իր բեմական կյանքը:
Կարճ ժամանակ անց նրան այլևս չեն տեսնում հայ բեմում:

Կորցնելով ամեն բան, երբ դերասանուհին ուզեց կրկին վերադառնալ բեմ՝ այլևս տեղ չկար իր համար, բեմն արդեն ուներ նոր տաղանդներ: Տեսնելով մտավորականության և ժողովրդի անտարբերությունը` Արուսյակ Փափազյանը խիստ ընկճվեց, սկսեց հյուծվել ֆիզիկապես ու հոգեպես, ի վերջո մատնվելով ծայրայեղ թշվառության և հասնելով կիսախելագարության:

Վերջին ներկայացումը խաղացել է 1883 թվականին։ Դերասանուհու հետագա կյանքից քիչ բան է հայտնի. ապրել է մենակ, ծայրահեղ թշվառության մեջ։