«իմ հայրենիքն՝ Հայաստանը, ամեն անգամ ինձ ավելի է ուժեղացնում»․ եգիպտահայ նշանավոր դերասանուհի

«Իմ մեծ ընտանիքում «Հայաստան» բառը եղել է ամենանվիրականը: Մենք ասես մեծանում էինք այդ բառի գրկում: Դա մի բառ էր, որն իր մեջ պարփակել էր կյանքը՝ իր ամբողջ էությամբ,- այսպես է ասել ամերիկաբնակ դերասանուհի Նորա Արմանին,- ամեն անգամ Հայաստան գալով ես նորոգվում եմ, իմ հայրենիքն ամեն անգամ ինձ ավելի է ուժեղացնում»։

2015թ․մայիսին Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրված «Մերսեդես» պիեսում Նորա Արմանին մարմնավորում էր գլխավոր հերոսի՝ Զարուհու կերպարը: Պիեսի թեման հայրենադարձությունն էր. Հայոց ցեղասպանությունից փրկվածների դուստր Զարուհին Հայաստան է ներգաղթել 1946 թվականին: Ողջ ներկայացումը նամակագրություն է Զարուհու եւ Հունաստանում ապրող իր Մերսեդես քույրիկի միջեւ:

«Ներկայացման թեման այնքան հարազատ էր, որ ես ինձ ասես նույնացած էի զգում կերպարին: Հայրենադարձությունը եղել է բոլոր գաղթականների մտքում, անգամ նրանց ժառանգների, որ ծնվել են հետո օտար ափերում: Հաճախ շատերը չեն խոսել դրա մասին, բայց վստահ եմ, որ հայրենիք վերադառնալը բոլորի սրտում ապրել է մի անուշ ու տխուր երազանքի պես»,- ասում է Նորան՝ ավելացնելով, որ խաղը նվիրել է 1946-48թթ. Հայաստան ներգաղթած իր հարազատներին: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։