«Ես ցեղասպանությունից փրկվածների ժառանգ եմ՝ երրորդ սերունդը նրանց». ամերիկաբնակ հայուհու պատմությունը

Եգիպտոսում ծնված ու մեծացած հայ անվանի դերասանուհի Նորա Արմանիի ու նրա գերդաստանի կյանքի պատմությունը իրական ֆիլմի է նման։ Նրա մեծ մայրերի ու մեծ հայրերի պատմությունը գալիս է հեռավոր Կեսարիայից: Հոր կողմից Մարի Ազատեանի եւ Սեփոն Էքսէրճեանի, իսկ մոր կողմից՝ Կուսինէ Կեմիճեանի եւ Յակոբ Պասմաճեանի թոռն է նա:

«Ես ցեղասպանությունից փրկվածների ժառանգ եմ՝ երրորդ սերունդը նրանց: Ես միշտ զգացողություն ունեմ, ասես դա ինձ հետ էլ է պատահել, ասես աչքովս եմ տեսել այն ամենն, ինչ ինձ պատմել են: Իրականում նրանք՝ հայրենիք կորցրածները, շատ չէին սիրում խոսել այդ մասին, մի տեսակ լուռ էին: Նրանց ուրախությունների մեջ անգամ ինչ-որ տխուր բան կար: Հետո՝ հասուն տարիքում, հասկացա, որ դա կարոտն էր»,- ասում է Նորան:  

Նորայի հոր ծնողները Մարի Ազատեանն ու Սեփոն Էքսերճեանն են: Մարի Ազատեանը՝ «մեծ մաման», ծնվել է Կեսարիայում: Նրա հայրը՝ Յակոբ Ազատեանը, հարուստ էր՝ ծխախոտի ցանքատարածություններ ուներ եւ ծխախոտ էր արտահանում Եգիպտոս: Այդ ժամանակ Եգիպտոսում հայերին էին պատկանում ծխախոտի այնպիսի հայտնի արտադրություններ, ինչպիսիք էին «Իսթերն Քամփընին», «Մաթոսյան» ընկերությունը, «Իփէքյան» ընկերությունը:

Մինչ Մարիի ծնվելը Յակոբ Ազատեանը երեք դուստր ուներ եւ որդի ունենալու մեծ երազանք. նա ուխտ էր արել, որ եթե չորրորդը տղա ծնվի, նրան կկնքի Երուսաղեմում ու երեխայի քաշի չափով նվիրատվություն կանի: Բայց 1886 թվականին ծնվում է չորրորդ աղջիկը՝ Մարին, Նորայի տատը, որին Յակոբն, այնուամենայնիվ, 40 օրականում կնքում է Երուսաղեմում: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։