«Տերն ու ծառան», «Կարո», «Քաջ Նազար» և այլ սիրված ֆիլմերի երաժշտությունների հեղինակը. Ժողովրդական արտիստ, ում աշակերտները դարձել են հայտնի կոմպոզիտորներ

Հայ խորհրդային կոմպոզիտոր Սարգիս Վասիլի Բարխուդարյանը ծնվել է 1887 թվականին Թիֆլիսում: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Թիֆլիսի հայկական վարժարանում: Սովորել է Բեռլինի կոնսերվատորիայում, որտեղ ուսումնասիրել է դաշնամուր Շուլցի մոտ, որից հետո ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝ Վ.Կալաֆատիի, Մ.Շտեյնբերգի, Մ.Վիտոլի դասարանները:

Ուսումից հետո սկսել է դասավանդել Թիֆլիսի և Երևանի կոնսերվատորիաներում: 1900-ականների սկզբին ծանոթացել է Կոմիտասի հետ: Ստեղծագործության հիմնական ժանրը եղել է դաշնամուրային մանրանվագը:

Ստեղծել է ազգային երանգով դաշնամուրային պիեսներ: Նրա «Արևելյան պարերը» (1910-13թթ) նկատելի դեր են կատարել ազգային դաշնամուրային ստեղծագործության զարգացման սկզբնական շրջանում: Գրել է դաշնամուրային պիեսների երկու շարք (1910-18թթ, 1915-23թթ), «Անուշ» սիմֆոնիկ պոեմը (1917թ.), «Անդրֆեդերացիա» սյուիտը (1932թ.), «Նարինե» բալետը (1938թ., չի բեմադրվել), 25 պիես-մանրանկար (1942-43թթ), «1943» նախերգանքը, «Քեռի քուչի» մանկական օպերան (1945թ., բեմադրվել է 1946թ., Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն) և այլ ստեղծագործություններ:

sargis barkhudaryan

Մշակել է մի շարք ժողովրդական, աշուղական երգեր, գրել է ռոմանսներ, երաժշտություններ ֆիլմերի («Կարո», «Քաջ Նազար», «Տերն ու ծառան») և թատերական պիեսների համար (Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» և այլն): Կոմպոզիտորի աշակերտներն են եղել բազմաթիվ հայտնի ու տաղանդավոր երաժիշտներ, կոմպոզիտորներ` Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, Ղազարոս Սարյանը և այլք: Արժանացել է Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի, Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում, թաղված է Երևանում: