ՀԱՅ խորհրդային կոմպոզիտոր, ում ուսանել են Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը և այլք. նա եղել է Գուսան Շերամի ավագ որդին

Հայ խորհրդային կոմպոզիտոր Վարդգես Գրիգորի Տալյանը ծնվել է 1896 Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): Եղել է գուսան Շերամի որդին, բանաստեղծ Վազգեն Տալյանի եղբայրը:

Ավարտել է Թիֆլիսի կոնսերվատորիայի Սարգիս Բարխուդարյանի ստեղծագործական դասարանը, ավելի ուշ ուսանել Վ.Շչերբաչյովին: Հետագայում ավարտել է Դոնի Ռոստովի համալսարանի բժշկական ֆակուլտետը:

Դասավանդել է Թիֆլիսի Հայարտյան երաժշտական ստուդիայում, թիվ 3 երաժշտական տեխնիկումում, որտեղ 1933թ-ից եղել է նաև տնօրենը: Եղել է Վրաստանի կոմպոզիտորների միության հայկական սեկցիայի նախագահը: 1934թ-ից բնակվել է Երևանում, դասավանդել կոնսերվատորիայում, ղեկավարել ստեղծագործական դասարանը (1945թ-ից` պրոֆեսոր):

Եղել է կոմպոզիցիայի դասավանդման հայ սովետական դպրոցի հիմնադիրը: Հատկապես մեծ է նրա վաստակը կոմպոզիտորների ուսուցումը ազգագրական երաժշտության հիմքով տանելու գործում: Սաներից են Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, Ղազարոս Սարյանը, Արամ Մերանգուլյանը, Ադամ Խուդոյանը և այլք:

vardges talyan

Ստեղծագործել է տարբեր ժանրերում, հիշատակելի են` լարային կվարտետը (1935թ.), ջութակի սոնատը (1944թ.), դաշնամուրային տրիոն (1946թ.), «Ռուշանի քարափը» օպերան (ըստ Ն.Զարյանի, անավարտ, 1938թ.), մանկական ժանրային երգերի շարքը` դաշնամուրի նվագակցությամբ (1943թ.), «Գյուլիզար» երաժշտական դրաման (կատարվել է Թիֆլիսում, 1920թ.), «Կոլխոզական» («Լիություն») վոկալ-սիմֆոնիկ պատկերը (1942թ.), «Հայաստան» երգը երգի-պարի անսամբլի համար:

Գրել է նոր կենցաղի թեմաներով մասսայական երգեր, ռոմանսներ ու խմբերգեր, կամերա-գործիքային երկեր, կատարել ժողովրդական և աշուղական երգերի մշակումներ: Նրա ստեղծագործությունը բնորոշվում է ժողովրդա-ազգագրական հենքով, վառ արտահայտված մեղեդայնությամբ, բոլոր ժանրերում երգային տարերքի գերիշխանությամբ, ազգային երաժշտությունից բխող հյութեղ հարմոնիայով: Մահացել է Երևանում: