«Եղբորս պատմեցի, որ մանկության ընկերը վիրավորվել էր, սկզբում լռեց, հետո ասեց՝ լա՛վ, Էլե՛ն, կարևորը՝ ողջ ա, մարդիկ կան` երկու աչքը վրաններն ա, բայց կենդանի չեն». 19-ամյա ՀԵՐՈՍ ՂԱԶԱՐԻ պատմությունը

22-ամյա Էլեն Սարուխանյանը հուզմունքով ասում է, որ ապրելով Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում՝ հաճախ է կրակոցների ձայներ լսել, գիտի՝ ինչ է պատերազմը, բայց որ 44-օրյա պատերազմի հետևանքով միակ եղբորը կկորցներ, մտքով անգամ չէր անցնում։

Էլենի եղբայրը՝ 19-ամյա Ղազար Սարուխանյանը, ժամկետային ծառայության էր Մատաղիսում, երբ սկսվեց պատերազմը։

Ղազարը մինչև հոկտեմբերի 10-ը կռվել է հակառակորդի դեմ, հոկտեմբերի 10-ին արկի պայթյունից բեկորային մի քանի վնասվածք է ստացել և զոհվել։

Էլենը պատմում է, որ վերջին անգամ եղբոր հետ կապ են հաստատել դեպքից երկու օր առաջ՝ հոկտեմբերի 8-ին։ Ղազարն ասել է՝ ամեն ինչ լավ է։ 

«Քանի որ Ղազարը երեք օրը մեկ էր զանգում, մտածում էինք՝ մի քանի օրից էլի կզանգի։ Չէինք մտածում՝ նման դեպք պատահած կլինի։ Հոկտեմբերի 12-ին զանգեցին, ասեցին՝ դեպք ա եղել»։

Ղազար Սարուխանյանը ծնողների և քրոջ հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Քույրն ասում է՝ Ղազարը համեստ էր, կարգապահ, պատասխանատու, լավատես էր, հույսը երբեք չէր կորցնում, անգամ պատերազմի ժամանակ զանգում էր ու կատակներ անում մարտի դաշտից։ 

Էլենն ասում է՝ շատ կապված էին իրար հետ։

«Իմ համար միայն եղբայր չէր, ընկեր էր, ծնող, հենարան, թիկունք։ Ցանկացած հարցով կարայի վստահեի, դիմեի, ինձնից փոքր էր, բայց ես իրանից դեռ շատ բան ունեի սովորելու»,- ասում է Էլենը։

Էլենը պատմում է, որ 2017 թ․-ից ինքը, ապա 2018-ին եղբայրը գյուղից տեղափոխվել էին Երևան։ Ղազարը սննդի կետում աշխատանքի էր անցել, նպատակ ուներ բանակից գալուց հետո տուն գնել Երևանում։

«Հիշում եմ՝ պատերազմի ժամանակ զանգել էր, իր մանկության ընկերը վիրավորվել էր, կորցրել էր տեսողությունը, պատմեցի, սկզբում լռեց, հետո ասեց՝ լա՛վ, Էլե՛ն, կարևորը՝ ողջ ա, մարդիկ կան` երկու աչքը վրաններն ա, բայց կենդանի չեն… Նման արտահայտություն արեց, ի՛նչ իմանայինք՝ իրեն էլ էր նույն ճակատագիրը սպասում։ Կուզեինք՝ թեկուզ մի ոտքով, մի աչքով, բայց տուն գար»,- մորմոքով ասում է քույրը։

Ղազար Սարուխանյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

MediaLab.am