ՀԱՅ խորհրդային գրող, ում գործերում նկարագրվում է սովետական մարդու հոգեբանությունը. նա հեղինակել է ավելի քան 50 գիրք, որոնք հրատարակվել են մի շարք արտասահմանյան երկրներում

Հայ խորհրդային գրող Բենիկ Մկրտչի Սեյրանյանը ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նոյեմբերյանի շրջանի (այժմ` ՀՀ Տավուշի մարզ) Կոթի գյուղում: Մեծացել է Թբիլիսիում։ 18 տարեկան հասակում, մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո, որպես մանկավարժ աշխատել է Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Օչամչիրեի շրջանում, ապա՝ ծննդավայրում, Թբիլիսիում։

Շուրջ 70 տարի աշխատել է «Վրաստան» թերթում։ 20 տարեկան հասակից սկսել է աշխատել նախ որպես արխիվարիուս, ապա արդյունաբերական բաժնի հրահանգիչ, հետո այդ բաժնի վարիչ, իսկ 1960թ-ից մինչ կյանքի վերջ, գլխավորել է թերթի մշակույթի և գիտության բաժինը։

Հեղինակել է 50-ից ավելի գրքեր, որոնք հրատարակվել են Թբիլիսիում, Երևանում, Մոսկվայում, արտասահմանյան երկրներում։ Թարգմանվել է մի քանի լեզուներով, այդ թվում՝ վրացերեն, ռուսերեն և հրատարակվել առանձին գրքերով։

Ղեկավարել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղը։ Եղել է նաև Վրաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ։ Գրողի պատմվածքների, նովելների ու վիպակների ժողովածուներում գեղարվեստորեն արտացոլվել են սովետական մարդու հոգեբանության ձևավորումն ու զարգացումը։ Նրա գործերին հատուկ է բանաստեղծական պատումը։

1971թ. արժանացել է Վրաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է 2003 թվականի մայիսի 24-ին Թբիլիսիում, թաղված է տեղի Խոջիվանքի պանթեոնում: