Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ՝ ով 70 տարի անընդմեջ աշխատել է «Վրաստան» թերթում. Ով էր ՆԱ և որն էր ՆՐԱ առաքելությունը. Մանրամասները ՀՈԴՎԱԾՈՒՄ.

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ ԲԵՆԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ ծնվել է ՀՀ Նոյեմբերյանի շրջանի (այժմ` ՀՀ Տավուշի մարզ) Կոթի գյուղում: Մանկությունից բնակվել է Թբիլիսիում։ 18 տարեկան հասակում, մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո, որպես մանկավարժ է աշխատել Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Օչամչիրեի շրջանում, ապա՝ ծննդավայրում, Թբիլիսիում։ 1933-2003թթ, 70 տարի աշխատել է «Վրաստան» թերթում։ 20 տարեկան հասակից սկսել է աշխատել նախ որպես արխիվարիուս, ապա արդյունաբերական բաժնի հրահանգիչ, հետո այդ բաժնի վարիչ, իսկ 1960թ-ից մինչ կյանքի վերջ, գլխավորել է թերթի մշակույթի և գիտության բաժինը։

Հեղինակել է 50-ից ավելի գրքեր, որոնք հրատարակվել են Թբիլիսիում, Երևանում, Մոսկվայում, արտասահմանյան երկրներում։ Թարգմանվել է մի քանի լեզուներով, այդ թվում՝ վրացերեն, ռուսերեն և հրատարակվել առանձին գրքերով։ 1958թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։ Ղեկավարել է Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղը։ Եղել է նաև Վրաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ։

Նրա գործերին հատուկ է բանաստեղծական պատումը։ Երկերից են` «Քարափների կածանը» (1935թ.), «Ծիրանաքար» (1945թ.), «Ծաղկած հուշարձան» (1946թ.), «Լեռնային բյուրեղ» (1949թ.), «Ձուլարանի կրակները» (1950թ.), «Աղբյուրներ» (1953թ.), «Աստղերի հովիտ» (1959թ.), «Աստղաձոր» (1963թ.), «Ճամփաներ և ճակատագրեր» (1968թ.) և այլն: 1971թ. արժանացել է Վրաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Թբիլիսիում, թաղված է տեղի Խոջիվանքի պանթեոնում: