Կին, ով իր կյանքը նվիրեց Հրանտ Դինքի թողած ժառանգության պահպանմանն ու տարածմանը

Հրանտ Դինքի սպանությունը մեծ ողբերգություն էր համայն հայության համար։ Բազմահազար ցույցերը իրար էին հաջորդում։ Ոտքի էր կանգնել անգամ թուրք հասարակությունը։

«Հուղարկավորությունից երկու օր առաջ ասացին` Ռաքել, դու պիտի խոսես: Ասացի` կխոսեմ, բայց ի՞նչ պիտի խոսեմ: Աղոթեցի…ասացի՝ ով Տեր, ես քո զավակն եմ, ես ու ամուսինս իրար շատ էինք սիրում, այս սերը պետք է ցոլացնեմ: Ասացի` պիտի ջանամ Թուրքիայի մեջ եղած անիրավությունները բացատրեմ,- հիշում է տիկին Ռաքելը,- այդ նամակը` «Սիրելիին նամակը» գրեցի, եւ այդ օրն այդ ելույթից հետո իմ կյանքն էլ փոխվեց»: 

Այդ օրից Ռաքել Դինքն իր կյանքը նվիրել է Հրանտ Դինքի թողած ժառանգության պահպանմանն ու տարածմանը, Թուրքիայում մարդու իրավունքների խնդիրներին: Հենց այդ նպատակներով էլ 2007 թվականին ստեղծվում է «Հրանտ Դինք» հիմնադրամը, որի խորհրդի նախագահն է Ռաքել Դինքը: Հիմնադրամն իրականացնում է մի շարք ծրագրեր` նվիրված Թուրքիայում մարդու իրավունքների խնդիրներին, հայերի եւ մյուս փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանմանը, ատելություն պարունակող հռետորաբանության ուսումնասիրությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը:

Կյանքի դժվար փորձությունների միջով անցած, բայց նաեւ սիրով ու քնքշությամբ շրջապատված Ռաքել Դինքը լավատես է: Նա հավատում է, որ ապագան իր երջանկության հիմնական աղբյուրների` իր թոռնիկներ Նորայի, Նարեի, Սարենի ու Հրանտ Դինք կրտսերի համար լուսավոր է լինելու: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։