19 տարի շարունակ Ռումինիայի խորհրդարանում աշխատող ՀԱՅԸ․ նա իր երեխաներին հայերեն է սովորեցնում

Պաշտոնական տվյալներով՝ Ռումինիայում այժմ բնակվում է մոտ երկու հազար հայ, սակայն մեր հայրենակից, քաղաքական գործիչ Վարուժան Փամբուկչյանը վստահ է, որ էթնիկ հայերի թիվն ավելի մեծ է․«Այստեղ մոտ հինգ հազար հայ կա, սակայն մարդահամարի ժամանակ շատերն իրենց ռումինացի են կոչում։ Հիմա մեծ թվով հայեր, հույներ եւ հրեաներ չեն նշում իրենց ազգային պատկանելությունը»։

«1989թ. ռումինական հեղափոխությունից հետո ստեղծեցինք Ռումինիայի հայերի միությունը։ Մեր առաջին պատգամավորը Վարուժան Ոսկանյանն էր։ Մի քանի տարի անց նա որոշեց իր կուսակցությունը հիմնել եւ ինձ առաջարկեց ներկայացնել հայ համայնքը խորհրդարանում»- հիշում է Փամբուկչյանը։

Արդեն 19 տարի շարունակ նա երկրի խորհրդարանում ներկայացնում է ոչ միայն հայերի, այլեւ մյուս ազգային փոքրամասնությունների շահերը եւ գլխավորում է խորհրդարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների հանձնաժողովը։

Քաղաքական գործիչն ասում է, որ հայի ինքնությունը պահպանելու համար կարեւորագույն գործոններ են դպրոցն ու եկեղեցին, որտեղ հայերեն են աղոթում։ Կիրակնօրյա դպրոցը, ուր, Փամբուկչյանի խոսքով, մի օր կայցելի նաեւ նրա թոռը, երեխաներին սովորեցնում է հայերեն, պատմություն եւ կրոնի պատմություն։ Աղբյուրը՝ https://auroraprize.com/։