Գիտեք թե որն է եղել ԳԵՐԵԶՄԱՆԱՊԱՐԻ խորհուրդը. Ձեզ ենք ներկայացնում մի ՔՅԱՎԱՌՑՈՒ պատմություն, որը ականատես է եղել նման արարողության. Արժե՛ իմանալ.

Հարսանեկան այս ծիսական պարն՝ գերեզմանապարը, ունի ծնունդ-կյանք-մահ և նորից վերածնունդ դիցաբանական մտածողության ներքին խորհուրդը: Գերեզմանապար ընդհանուր անվանման բնութագրությունը պատկանում է թատերագետ Գարեգին Լևոնյանին: «Պարարվեստը հին Հայաստանում» աշխատության մեջ նա գրել է. «Չենք կարող անտես առնել… Գերեզմանապարը մինչև անցյալ դարի վերջին քառորդը կար… այդ անունը ստեղծվել էր այն բանի համար, որ կատարվում էր գերեզմանատանը և կապ ուներ հարսանեկան արարողությունների հետ»:

Սակայն գերեզմանապարեր կատարել են ոչ միայն հարսանեկան արարողությունների ժամանակ:

1974 թ. ծնունդով գավառեցի Ռոբերտ Գարեգինի Քոչարյանը պատմել է մի պատմություն, որը տեղի էր ունեցել իր հարազատների միջավայրում: Մոտավորապես XX դարի 60-ական թվականներին, երբ աշխատում էր Գավառում, ապրում էր Սինանյան ընտանիքներից մեկի՝ մորաքույր Վիկտորիայի տանը, որի սկեսուրը՝ Լուսինեն, մահացել էր:

Գերեզմանատանը՝ Դարի գլխին, թաղումից հետո հանգուցյալի տղան՝ Արիստակես Սինանյանը, գրպանից հանելով մի մեծ սպիտակ թաշկինակ, նվագախմբին պարվիրել է պարի ծանդր եղանակ ու սկսել պարել: Արցունքն աչքերին խիստ խորհրդավոր կեցվածքով հայտարարել է.

…մորս պսակում եմ հողի հետ…

Ձեռքերը տարածելով աջ ու ձախ, դաստակներն ուսերի մակարդակին, ափերը վեր դիրքով, ոտ փոխելու պարաքայլով, աջ ձեռքին թաշկինակը խաղացնելով՝ մի շրջան է կատարել մոր թարմ շիրիմի շուրջ ու կանգ առել: Յուրաքանչյուր քայլից հետո, պահելով հանդիսավոր դադար, անշարժացել է տեղում: Ներկաները ոչ մի զարմանք կամ ոչ հարգալից վերաբերմունք չեն ցուցաբերել: Ընդհակառակը, մեծ հարգանքով ու ակնածանքով ընդունել են երևույթը՝ համարելով այն որպես ցավի ու կոծի խոր արտահայտության մի ձև: Այդպիսի վերաբերմունքը հանգուցյալին մեծ պատիվ է բերել:

Այս պարը նույնպես պատկանում է գերեզմանապարերի տեսակին: Գերեզմանապարերի մասին հավաստի տեղեկություններ կան գրավոր ու պատկերագրական աղբյուրներում: Լավագույն ապացույցը վերը նկարագրված հարսանեկան ծիսական գերեզմանապարն է:

*Նյութը վերցված է Ժենյա Խաչատրյանի «Ծիսական պարը հայոց հավատալիքների համատեքստում» աշխատությունից։