ՀԱՅ անվանի բանաստեղծ և արձակագիր, ով եղավ Մեծ Եղեռնի զոհերից մեկը. ահա, թե ինչ կարևոր գործեր է ՆԱ մեզ թողել, ճանաչեցի՞ք

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ Ռուբեն Զարդարյանը ծնվել է 1874 թվականին Արևմտյան Հայաստանի Սևերեկի գավառի Սևավերակ գյուղաքաղաքում:

1876թ. նրանց ընտանիքը տեղափոխվել է Խարբերդ, որտեղ և գրողն ստացել է կրթության՝ աշակերտելով Թլկատինցուն։ Սովորել է նախ ազգային վարժարանում, ապա՝ Ամերիկյան դպրոցում: Գրական ասպարեզ է մտել 1890-ական թվականների սկզբերից, Խարբերդում աշխատակցել «Ծաղիկ», «Մասիս», «Արևելյան մամուլ» և այլ պոլսահայ թերթերի:

1892-1903թթ ուսուցչություն է արել Մեզիրեի ազգային կեդրոնական վարժարանում։ Քաղաքական գործունեության համար ձերբակալվել է (1903-04թթ)։ Ազատվելով, 1905թ. անցել է Բուլղարիա և հաստատվել Պլովդիվ քաղաքում, որտեղ խմբագրել է «Ռազմիկ» թերթը։ 1908թ. Երիտթուրքական հեղափոխությունից հետո վերադարձել է Կ.Պոլիս։ 1909թ. հիմնել է «Ազատամարտ» օրաթերթը:

Ձախից նստած` Հակոբ Սիմոնյան, Ռուբեն Զարդարյան, Տեր Գարեգին քահանա Վարդանյան, Մեզիրեի Կեդրոնական վարժարան

1910թ. լույս է տեսել նրա «Ցայգալույս»-ը։ Ստեղծագործել է տարբեր ժանրերով՝ չափածո և արձակ բանաստեղծություն («Մենավոր ծառը», «Գամբռը», «Լեռան եղնիկին», «Բագինին փառաբանությունը»), վիպակ ու նորավեպ («Սև հավը կանչեց», «Նահանջ», «Ապրելու համար», «Տան սերը», «Սարերու տղան», «Զղջումը»), հեքիաթ («Քարացածները», «Ծովակին հարսը», լեգենդ («Յոթ երգիչները», «Բռնավորին արցունքը», «Ով որ սուլթան մը ունի իր հոգիին մեջ»), որոնք լայն հնարավորություն են ընձեռել այլաբանական ընդհանրացումների համար։

Ձախից նստած` պրն. Կիրակոս, Մարտիրոս Կօշկարյան, պրն. Հարություն, Հակոբ Սիմոնյան, Ռուբեն Զարդարյան, Ստեփան Աղամալյան, Նշան Թաշճյան, առաջին շրջանավարտների հետ, Մեզիրեի Կեդրոնական վարժարան, 1901թ.

Գրել է նաև մի շարք գրականագիտական հոդվածներ՝ «Վաղվա գրականությունը» (1900թ.), «Թլկատինցի» (1908թ.), «Ավետիք Իսահակյանի «Աբու Լալա Մահարի» պոեմը» (1910թ.) և այլն: Կազմել ու հրատարակել է «Մեղրագետ» ընթերցարանը (վեց գիրք)։

Թարգմանություններ է կատարել Մ.Գորկուց, Վ.Կորոլենկոյից, Է.Վերհարնից, Պ.Շելլիից, Վ.Հյուգոյից, Օ.Ուայլդից, Ա.Ֆրանսից։ Նրա «Ցայգալույսը» 1912թ. Փարիզում հրատարակվել է ֆրանսերեն:

Անդրանիկի հետ, Պլովդիվ, Բուլղարիա, 1906թ.

Եղել է Հայոց Ցեղասպանության զոհերից մեկը, 1915 թվականին ձերբակալվել և ուղարկվել է Այաշ, Կոնիա, ապա՝ Հալեպ, որտեղ էլ սպանվել է: