«Խաղաղության գինը մեր նման ընտանիքներն ավելի լավ են հասկանում»․անմահացած ՀԵՐՈՍ ՍԱՄՎԵԼԻ կինը պատմում է ամուսնու զոհվելու մասին

Սամվել Հակոբյանի ընտանիքը սեպտեմբերի 27-ին քաղաքից դուրս էր՝ հանգստանալու։ Առավոտյան պատերազմի լուրն իմանալուց հետո Սամվելը որոշել է կամավորագրվել, բայց կնոջը չի ասել։ Տուն վերադառնալուց հետո լուռ էր, տխուր էր․

«Միշտ ասում էր՝ եթե պատերազմ լինի ես պիտի գնամ։ Իր խոսքը գործ էր, օդի մեջ ոչինչ չէր ասում։ Ասում էր՝ ես երիտասարդներին չեմ կարող մենակ թողնել։ Մտածում էի՝ հնարավոր է՝ շուտ է ավարտվում, չպատկերացրի, չշտապեցի, ասացի՝ եթե քո կարիքը զգան, ես դեմ չեմ լինի, որ գնաս։ Ասաց՝ չեմ գնա»,-պատմում է կինը՝ տիկին Մարգարիտը։

Սովորաբար միասին են աշխատանքի գնացել։ Այդ օրը Սամվելը շուտ է գնացել։ Կինը հետ է եկել՝ փնտրելու ամուսնու զինգրքույկը, բայց չի գտել․

«Զանգեցի ասում եմ՝ կարող ա՞ որոշել ես գնաս, ասում է՝ չէ։ Ասում եմ զինգրքույկդ չեմ գտնում, ասում է՝ ուրեմն լավ չես փնտրում, երևի մի տեղ դրել ես։ Հավատացի։ Ինքը Հէկ-ում էր աշխատում, նեղ մասնագիտական աշխատանք էր, իրեն չէին տանելու, բայց ինքն արդեն առավոտ ժամը 9-ը չկար, գնացել էր՝ կամավորագրվելու»։

Ամուսնու գնալու մասին իմացել է, երբ Սամվելն արդեն Սիսիանում էր։ Պատերազմի օրերին առանձնապես չեն կարողացել զրուցել։ Վերջին անգամ զրուցել են հոկտեմբերի 5-ին․

«Զանգեց ասեց երեխեքին ասա՝ հարսանիքը չհետաձգեն, ես գալու եմ։ Էտ երկու բառն ենք կարողացել խոսել ու վերջ»։

49-ամյա Սամվել Հակոբյանը զոհվել է Հադրութում։ Դստեր խոսքով՝ հոր ջոկատը հրամանատար չի ունեցել, ոչինչ չեն ունեցել, ոչ զենք, ոչ սնունդ։ Կրակոցների տակով կարողացել է գնալ, հաց բերել, որ տղաները սոված չմնան․

«Բերում էր ադրբեջանական խոցված տանկերի միջից, մինչև անգամ զենքերի «շտիկները» էլի ադրբեջանցիների դիակների վրայից է հավաքել, որ գոնե փոքր դանակ ունենան պաշտպանվելու համար»,-պատմում է դուստրը։

Մահվան լուրն իմացել են հոկտեմբերի 10-ին։ Ծառայակիցները համազգեստի գրպաներում են թողել Սամվելի տվյալներն ու հասցնեն, որ կարողանան հեշտությամբ գտնել․

«Տղաներն ասում են՝ մեզ հայրություն արեց էտ քանի օրը․ինքը բերում էր սնունդը, նստում ու ասում էր՝ դուք կերեք ես ոչինչ։ Ասել է՝ շատ բաների միջով եմ անցել, ես կդիմանամ, դուք կերեք։ Հոգ են տարել մեկը մյուսին»։

Տիկին Մարգարիտն ամուսնուն նկարագրում է մեկ բառով՝ շատ լավ մարդ։ Այն իր մեջ ներառում է ամուսնու մարդ տեսակը․ հոգատար հայր, ամուսին, հարևան, բարեկամ․

Ամուսնու մահից հետո կյանքն այլ է տիկին Մարգարիտի համար, այն ուրիշ գնահատական ունի․

«Իրենք իրենց կյանքը տվեցին, որ մենք ապրենք։ Պիտի գնահատենք մեր ամեն մի օրը, ամեն մի ժամը, չգիտեմ, մի քիչ բարիանանք։ Մեր նման ընտանիքները պիտի չարանան, բայց հակառակն եմ նայում։ Խաղաղության գինը մեր նման ընտանիքներն ավելի լավ են հասկանում, ու այն սերունդն ու երիտասարդները, ովքեր տեսել են պատերազմը։

Գիտեք շատ կուզեի, որ գիտակցեինք, բայց, իմ կարծիքով, գիտակցում են մենակ պատերազմի արհավիրքը իրենց վրա զգացած մարդիկ։ Կյանքը պիտի գնահատել։ Ուզում եմ ապրել այնպես, որ գոնե էն կյանքում հանդիպենք իրար, արժանի լինենք նրանց հանդիպմանը»։