«Ինչ իմ Սերժն է արել՝ ինձ համար սրբություն է, ես երբեք ոտքի տակ չեմ տա իմ տղու պահած երկիրը». ՀԵՐՈՍ ՍԵՐԺԻ ՄԱՅՐԻԿԻ խոսքերը

Սերժ Բեգլարյանը մեկ տարի ութ ամիս է, ինչ ծառայում էր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Մայրը`Քրիստինեն, պատմում է, որ որդին իններորդ դասարանից թողել էր ուսումը, աշխատում էր, հետո ընդունվել էր Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջ` խոհարարի մասնագիտությամբ:

«Չորս ամսվա ուսանող էր, որ զորակոչեցին բանակ: Շատ լավ էր ծառայում, դիրքեր էր հաճախ բարձրանում, ցանկացել են սերժանտի կոչում տալ, հրաժարվել է, համարել է մեծ պատասխանատվություն: Իրեն նաեւ «Լավագույն մարտիկ »  շքանշանն են տվել, բայց այն մեզ չի հասել, մենք գնացինք զինկոմիսարիատ, ասացին, որ որտեղ ծառայել է Սերժը, այնտեղից պետք է վերցնենք:  Դե Հադրութը չկա, որտեղի՞ց  պահանջեինք», ասում է Քրիստինեն:

Չարաբաստիկ պատերազմի օրը` սեպտեմբերի 27-ին,  Սերժն առավոտյան զանգում է մորը, հարցնում, թե ոնց են: Քրիստինեն ասում է, որ ինքը դեռ չգիտեր պատերազմի մասին: Հետո  որդին զանգում է  նաեւ մյուս հարազատներին: Երեք օր մայրը լուր չի ունենում  որդուց, ասում է, որ քիչ էր մնում խելագարվեր:

«Զանգահարեց ամսի 30-ի առավոտյան, հեռախոսը վերցրեցի, լացելով խոսում էի, իսկ ինքը ինձ հանգստացնում էր, թե ոչ մի բան չկա, ինչո՞ւ եմ անհանգստանում: Սերժն այդ ժամանակ խնդրեց, որ 2000 դրամ փոխանցեմ քարտին, որ կարողանա զանգել: Ես այդ օրն  ուրախ էի, որ կարողացա Սերժիս հետ խոսել…Հաջորդ օրը` հոկտեմբերի 1-ին, ժամը 12-ի մոտակայքում, Սերժը զոհվեց  Հադրութում, իր վիրավոր ընկերներին դուրս բերելու ընթացքում: Ամսի 2-ին իրեն բերել էին Հայաստան»,- պատմում է Քրիստինեն:

Զոհվածի մայրը  «Մեդլայն »  հիվանդանոցում  հանդիպել է որդու վիրավոր ընկերոջ` Արսեն Ծառուկյանի հետ. վերջինս էլ պատմել է, որ Սերժը վիրավոր ընկերներին դուրս  բերելիս է զոհվել` ականանետի հարվածից:  Նույն օրը` սեպտեմբերի 30-ին, զոհվել է նաեւ այդ ջոկատի հրամանատարը` Ալբերտ Խաչատրյանը:

«Երբ Սերժիս ընկերոջը` գնդացրորդ Էդգար Մարգարյանին,  խփել են, վիրավոր ոտքով հրամանատարը գնացել է, որ նրան փրկի, չի կարողացել, եւ նա էլ այնտեղ է զոհվել: Մեղրեցի Ալբերտն էլ այդտեղ է զոհվել, երեխեքը տասնմեկ հոգով մնացել են մենակ, եկել է ուրիշ հրամանատար: Երեխեքին հետնահանջ են տվել, որ իջնեն դիրքերից, սակայն այդ նոր հրամանատարը` Կարենն, ասել է, որ պետք է կյանքի գնով պայքարեն, այդ դիրքը գրավեն: Սակայն այդ դիրքն արդեն տված են եղել ադրբեջանցիներին: Ես այս պատմությունները լսել եմ այլ մայրերից, որոնց որդիները Սերժիս հետ են ծառայել: Որդիս ծառայել է Մխիթար Գալեյանի, Հայկ Սահակյանի` Ռիժիկի, այլ հերոս տղաների հետ»,- պատմում է Քրիստինեն:

Քրիստինեի ավագ որդին` Աղասին, նույնպես ծառայել է Արցախում` Արալեռում: Նա այն ժամանակ մասնակցել է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին:

«Հենց առաջին օրը ռմբակոծել են իրենց զորամասը: Ես երեք օր տեղեկություն չունեի որդուցս: Աղասին կապավոր էր: Ինքը պարգեւատրվել է Վազգեն Սարգսյանի անվան պատվոգրերով, Արցախի պատվոգրերով, մեդալներով, մենք այդ ամենը պահել ենք: Երբ սկսվեց վերջին պատերազմը, ինձ էլ, շատերին էլ թվում էր, որ քառօրյայի նման շուտ կավարտվի, իմ գլխին Սերժը ոնց որ փափուկ բարձ դրած լիներ: Երբ ինքը զանգել, խոսել է, ոչ մի ձայն չի լսվել, բայց տղաս գտնվում էր ռազմի դաշտում, կռվել է «Նռան բաղեր »-ում, որն ամայի դաշտ է, ամեն ինչ պարզ երեւում էր այնտեղից»,- ասաց  Քրիստինեն:

Մայրը լուսավոր հուշեր է պահպանել նաեւ այն մասին, թե ինչպես էր որդին` Սերժը, 2018թ. մասնակցել իշխանափոխությանը, պայքարել, որ Հայաստանում լինեն փոփոխություններ:

«Ես հարգում եմ, այդ հեղափոխությունը, դա ինձ համար սրբություն է, որովհետեւ որդիս էլ է մասնակցել այդ  փոփոխություններին: Թեկուզ ուրիշ ղեկավար գար, ուրիշ իշխանություն լիներ` դա ինձ համար սրբություն է:  Ինչ իմ Սերժն արել է, ինձ համար սրբություն է: Եվ ես երբեք ոտատակ չեմ տա իմ Սերժի պահած երկիրը, նա չկա, բայց մենք ապրում ենք այդ տղաների պայքարի, արյան շնորհիվ»,- ասում է Քրիստինեն: