«Մենք փոքր երկիր ենք և ոչ մեկին չենք կարող զարմացնել մեր արտադրանքի ծավալներով և քանակով». Խորհրդային Հայաստանի մասին, թե ինչքան զարգացած էր գիտությունը և ինչու այն դադարեց առաջատարը լինել

Խորհրդային Հայաստանն արդեն իսկ 1980-ական թթ.-ին համարվում էր ժամանակակից գիտության հանրապետություն: Խորհրդային Միության և միջազգային բազում ամբիոններից հնչել է, որ անվիճելի են հայ գիտնականների նվաճումներն աստղաֆիզիկայի, տեսական ֆիզիկայի, տարրական մասնիկների ֆիզիկայի, հաշվողական տեխնիկայի և գիտության մի շարք այլ բնագավառներում:

«Մենք փոքր երկիր ենք և ոչ մեկին չենք կարող զարմացնել մեր արտադրանքի ծավալներով և քանակով: Մենք կարող ենք և պարտավոր ենք տեղ գրավել աշխարհում միայն փոքրածավալ գիտական առաջատար միտք պարունակող, բարձրորակ, միջազգային չափորոշիչներին համապատասխանող ու դրան գերազանցող արտադրանքով»,— ասում էր Կարեն Դեմիրճյանը:

Խորհրդային Հայաստանը գործուն մասնակցություն ուներ երկրի պաշտպանության հարցերի լուծմանը ծառայող գիտատեխնիկական կարողությունների զարգացման գործընթացին: Ճյուղային, կիրառական և հիմնարար գիտության սրընթաց զարգացմանը զուգահեռ՝ ՀԽՍՀ-ում ստեղծվել էին և հաջողությամբ գործում էին մեծ քիմիայի, ծանր արդյունաբերության, աստղագիտության և ժամանակակից ֆիզիկայի ոլորտների բազմաթիվ ձեռնարկություններ:

20-րդ դարի երկրորդ կեսին ԽՍՀՄ գիտության զարգացման համար կատարվում էին հսկայական ծախսեր, ինչը պայմանավորված էր ԱՄՆ-ի հետ գիտական և ռազմական մրցակցությամբ, մասնավորապես տիեզերքի նվաճման ոլորտում առկա սուր մրցակցությամբ: Նման խոշոր ներդրումներից էր աշխարհում առաջին Ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցումը Հայաստանում: Արագածոտնի մարզի Օրգով և Տեղեր գյուղերի մոտակայքում գտնվող հսկա կլոր ափսեի` աշխարհում եզակի Ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցման մտահղացումը ականավոր ռադիոֆիզիկոս Պարիս Հերունունն էր: Խորհրդային Հայաստանում ռադիոօպտիկական աստղադիտակի կառուցումն իրագործելու Պարիս Հերունու ձգտումը սկզբից ևեթ չէր ողջունվում Մոսկվայի կողմից: Հայ գիտնականին առաջարկում էին դիտակի կառուցումը սկսել Ղրիմում, որտեղ նույնիսկ բնական փոս էին գտել դրա համար: Մոսկվայի իշխանություններից համաձայնություն կորզելու Պարիս Հերունու պայքարը տևեց շուրջ 17 տարի, և Խորհրդային Հայաստանում իր ծավալներով աննախադեպ գիտական նախաձեռնությունը կյանքի կոչվելու հնարավորություն ստացավ:

Ռադիոօպտիկական դիտակ ՌՕԴ-54/2.6-ի նախագծումն ու շինարարությունը մեկնարկվեց 1980թ.-ին: Դիտակի կառուցման վայրը պատահական չէր ընտրված: Պարիս Հերունին, դեռ շատ տարիներ առաջ ունենալով ռադիոդիտակ կառուցելու գաղափար, երկար ժամանակ փնտրել էր այն կառուցելու գիտականորեն նպատակահարմար վայրը և վերջապես որոշել էր, որ Արագածի հարավային լանջին պետք է լինի: Սակայն վայրը որքան նպատակահարմար էր գիտական տեսանկյունից, նույնքան խնդրահարույց էր պրակտիկ առումով, քանի որ ժամանակակից աշխարհը կարծես շրջանցել էր այս տեղանքն ու նրա բնակչներին:

Արդյունքում՝ Ռադիոօպտիկական դիտակի կառուցման աշխատանքները սկսեցին ուղեկցվել ճանապարհների կառուցմամբ, տեղանքի հոսանքապատմամբ և այլ բարեփոխումներով՝ նոր շունչ տալով դատարկվող գյուղերին:

Հարկ է նշել, որ նման ծավալի գիտական շինարարությունը հազվադեպ հանդիպող երևույթ էր ոչ միայն Խորհրդային Հայաստանում, այլև ամբողջ ԽՍՀՄ տարածքում: Սրա մասին Պարիս Հերունին պատմում է իր հարցազրույցներից մեկում.

«Գիտական աշխատանքների ավարտին Մոսկվայից հանձնաժողով եկավ, որի անդամներից մեկը ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Կոտելնիկովն էր: Նա, տեսնելով իրականացվող շինարարության ծավալները, դարձավ ինձ ու ասաց. «Ես համաձայն եմ, որ սովետական գիտնականը կարող է աշխարհում առաջինը որևէ գաղափար տալ, սակայն ինչպե՞ս է Ձեզ հաջողվել փորձարկումն առաջինը իրականացնել, չէ՞ որ Արևմուտքում հաշվիչ տեխնոլոգիաներն ավելի զարգացած են»:

Ռադիոդիտակը շահագործման հանձնվեց 1987թ. և իր գործածության հենց առաջին րոպեներին գիտական խոշոր հայտնագործություններ իրականացրեց:

Ցավոք, հետխորհրդային շրջանում անհրաժեշտ ֆինանսավորման բացակայության պատճառով այն իր գործունեությունը դադարեցրեց, թեև աշխատունակ է և շարունակում է մրցունակ մնալ միջազգային ասպարեզում:

Աղբյուրը՝ Կարեն Դեմիրճյան