«Մոսկվան նրան որակել էր «Великий армянский националист», նա այն մեծերից էր, որոնք յոթ անգամ չափում, նոր մի անգամ կտրում էին». Սասուն Գրիգորյանը՝ Կարեն Դեմիրճյանի մասին

«Կարեն Դեմիրճյանին խորհրդային չափանիշներով վերլուծելիս անշուշտ պիտի որակել ԱԶԳԱՅՆԱՄՈԼ: Մոսկվան նրան նացիոնալիզմի և Թուրքիայից ու Ադրբեջանից հող ուզող հայաստանցիներին չպատժելու մեջ էր մեղադրում, որակում՝ »Великий армянский националист», իսկ այստեղ՝ Երևանում, որոշ մարդիկ անգիտակ էին նրա մոսկովյան հակակրեմլյան պայքարին:

Որպես դիվանագետ-քաղաքագետ՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարը նուրբ էր, զգույշ, խորաթափանց և հեռատես: Նա այն մեծերից էր, որոնք յոթ անգամ չափում, նոր մի անգամ կտրում էին: Նրա բոլոր քայլերը խաղաղությամբ և բարեկամությամբ էին լեցուն: Հայոց դարավոր թշնամի հարևանները նրանից զգուշանում էին: Նա հոգու և գաղափարի դարբին էր (դեմիրչի) և ոչ թե՝ յաթաղանի:

Կարեն Դեմիրճյանը ոչ թե Երևանի օպերային թատրոնի բակում, այլ աշխարհի բազմաթիվ բեմերում (Մոսկվայում և այլուր), աշխարհի խոշոր իշխանավորների առջև զորավիգ էր Հայ Դատին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

…Նա ոչ միայն իր հող ու ջրի, իր լեզվի և հայոց պետականության արժանապատիվ նվիրյալն էր, այլև թունդ հայրենասեր ու ժողովրդապաշտ»:

Սասուն Գրիգորյան

Աղբյուրը՝ Կարեն Դեմիրճյան