«Ինքը ծանր վիրավոր էր, բայց զոհված եղբորը ու ՆՐԱ մարմինը շրջափակումից դուրս բերելիս ինքն էլ ընկավ ՆՐԱ կողքին». ՀԵՐՈՍ Հովսեփը չծնկեց թշնամու առաջ

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչենք մեր անմար լույսերից ևս մեկին. Հովսեփ Լևոնի Հովհաննիսյան:

Մեր հերոս Հովսեփը ծնվել է 1995 թվականին Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղում: Նա մեծ հայրենասերի հոգի ուներ ու հենց առավ պատերազմի լուրը, միանգամից որոշեց մեկնել առաջնագիծ: Նա կռվել է մինչև վերջին շունչն ու վերջին փամփուշտը, բայց պատերազմը նրա նկատմամբ էլ դաժան գտնվեց:

Հոկտեմբերի 19-ին նա հայտնվել է թշնամու շրջափակման մեջ ու մեկ օր անդադար պայքարել: Սակայն հաջորդ օրը, զոհվել է, երբ ինքը ծանր վիրավոր վիճակում ցանկացել է զոհված եղբոր մարմինը դուրս բերել շրջափակումից:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: