«Երբ թուրքերը մտել են սենյակ եւ զենքը մոտեցրել մահճակալներին, փոքրիկը, ով մեկ ամսական էր, չի շարժվել եւ ոչ մի ձայն չի հանել»․ մեր հայրենակցի պատմությունը

Պարզվում է, որ Ռումինիայի քաղաքական գործիչների մեջ նաև հայկական անուններ կան։ Հատկապես մեծ համբավ ու հեղինակություն ունի Վարուժան Փամբուկչյանը։ Նա պատմել է, թե ինչպես է իր ընտանիքը փրկվել Ցեղասպանությունից։

Դեր Զորի ճանապարհին՝ արդեն Սիրիայում, ծնվել է Վահեն՝ Վարուժանի հայրը: «Դրանից հետո պապս հասկացել է, որ անհրաժեշտ է ինչ-որ բան ձեռնարկել: Նրանք փախել են «մահվան քարավանից» եւ հասել պապիկի ընկերոջ եւ միաժամանակ գործընկերոջ՝ քրիստոնեություն ընդունած արաբի տուն:

Մեկ շաբաթ ընտանիքն ապրել է նրա մոտ,- պատմում է Ռումինիայի քաղաքական գործիչը,- բայց մի օր եկել են թուրքերը: Տանտերը հայերին թաքցրել է մահճակալի տակ, եւ երբ թուրքերը մտել են սենյակ եւ զենքը մոտեցրել մահճակալներին, որպեսզի համոզվեն, որ դրանց տակ ոչ ոք չի թաքնվում, փոքրիկը, ով այդ պահին ընդամենը մեկ ամսական էր, չի շարժվել եւ ոչ մի ձայն չի հանել: Դրանից հետո ընտանիքին հաջողվել է հայտնվել Կիպրոս ուղեւորվող ֆրանսիական նավի վրա»:  

Ռումինիայում հաստատվելով՝ ընտանիքը չի կարողացել շարունակել ընտանեկան ավանդույթը եւ զբաղվել բամբակի բիզնեսով: Այնուամենայնիվ, Փամբուկչյանները բոլոր երեխաներին լավ կրթություն են տվել: Աղբյուրը՝ https://auroraprize.com/։