Ռուս հռչակավոր պոետ, ով դարձավ ՀԱՅ աշխարհի ԶԱՎԱԿՆ ու ՆՎԻՐՅԱԼԸ. ՆԱ անձամբ հասավ Արևմտայն Հայաստան, որ փրկի ՀԱՅԵՐԻՆ ու ողջ կյանքը ծառայեց նրանց

«…Թիֆլիս, 1916 թվական: Մարդկանց իրարանցման, հակերի եւ արկղերի միջով դանդաղ քայլում էր բարձրահասակ, բարեկազմ, բայց կարծես ինչ-որ վշտից կորացած մի մարդ, որի վրա ամեն ոք ամենից առաջ տեսնում էր նրա ցոլուն ու խորունկ աչքերը՝ լուսավորված սիրով ու տագնապով: Ես էլ ամենից առաջ տեսա այդ աչքերը: Հետեւելով նրան ու ականջ դնելով նրա խոսքին՝ հասկացա, որ նա դեսուդեն է ընկնում, որպեսզի առաջին հերթին բեռներ ուղարկեն Վան:

Այո, Վան գնացողը 20-րդ դարի ռուս հայտնի բանաստեղծ, հրապարակախոս, մեր ժողովրդի ազնվագույն բարեկամներից մեկն էր՝ Սերգեյ Գորոդեցկին, ով քաջատեղյակ էր 1915-ի Հայոց ցեղասպանությանը եւ սահմռկած էր տեղի ունեցածից. «Ժամանակակից համամարդկային, միջազգային խիղճը, եթե այն հնչում է՝ ապա ոչ թե պղնձի, այլ ուրիշ մետաղի հնչյուններով: Մարդիկ փակել են իրենց ականջները, կոպերն էլ իջեցրել են աչքերի վրա, որ չտեսնեն եւ չլսեն ահաբեկող իրադարձությունները…»:

Նա այն եզակի ռուս գրողներից էր, ով անձամբ եղել էր Արեւմտյան Հայաստանում, սեփական աչքերով տեսել հայ ժողովրդի սպանդը: Նրա «Սեմիրամիդայի պարտեզները» վեպը եւ Հայաստանին նվիրված պատմվածքներն ու հիշողությունները յուրօրինակ մեղադրանք են միջազգային հանրությանը, որի լուռ համաձայնությամբ իրագործվեց մարդկության մեծագույն ողբերգությունը՝ թուրք բորենիների ձեռամբ… «Մարզը մարզի հետեւից անցնում է թշնամու ձեռքը՝ Վայոց ձոր, Վասպուրական, Տաշիր… հայոց պատմական հողերը… Երկիրը կորցնում է իր գլխավոր հարստությունը՝ իր ժողովրդին…»,- նվիրական բարեկամի սրտացավությամբ գրել է Գորոդեցկին: 

Հայկական հարցին, Հայաստանին նվիրված նրա հոդվածները, բանաստեղծություններն ու նամակները բազմիցս են տպագրվել մեզանում: Եվ քանի որ մեր ապրած ժամանակները նույնքան տագնապահարույց են, հերոսական մեր լեռնակղզու՝ Արցախի խնդիրն ու նրա ճակատագիրը՝ անորոշ, խիստ ժամանակահունչ է ռուս բանաստեղծի՝ դեռեւս 1919-ին հրապարակած հոդվածը՝ նվիրված Արցախ-Ղարաբաղին: Այն, իհարկե, արժեր ներկայացնել ամբողջությամբ, սակայն հատվածաբար ներկայացնելու դեպքում էլ պատկերն ամբողջականի տպավորություն կթողնի: Հրապարակում, որն ասես գրված լինի հենց այսօր, եւ որի թանաքը դեռ չի էլ հասցրել չորանալ: