Այս ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ընդամենը 27 տարեկանում հիմնեց Խարբերդի Ազգային կետրոնական վարժարանը. ՆԱ ընտանիքի հետ սպանվեց ԱՆՀԱՅՏ ձորում, դառնալով եղեռնական ջարդերի զոհ.

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ ԹԼԿԱՏԻՆՑԻ կամ Հովհաննես Հարությունյան ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Թլկատին գյուղում: Մանկությունից զրկվել է ծնողներից և մեծացել տնտեսական ծանր պայմաններում: Ավարտել է Խարբերդի Սմբատյան վարժարանը, որտեղ սովորել է գրաբար, քերականություն, աշխարհագրություն և թվաբանություն: Տարրական այս դպրոցն ավարտելուց հետո ուղարկվել է Չնգուշ գյուղ` ուսուցչի պաշտոնով: 1884թ. նշանակվել է Սմբատյան վարժարանի ուսուցիչ: 1887թ. հիմնել է Խարբերդի Ազգային կետրոնական վարժարանը և մինչև կյանքի վերջը եղել տնօրեն:

Գրական ասպարեզ է մտել 1893թ., Արփիար Արփիարյանի «Հայրենիք» օրաթերթում հրատարակելով գյուղական կյանքից վերցրած իր առաջին պատկերները, որոնք մեծ հետաքրքրություն են ստեղծել նրա նկատմամբ: 1894-96թթ հայկական կոտորածներից հետո, պատկերել է արևմտահայ գյուղացու ողբերգական վիճակը, անօգնական մարդկանց, լքված կանանց, որբ երեխաներին («Գլուխդ ջուր դիր», 1896թ., «Վերջին տեղը», 1900թ., «Ճախրակին առաջքը», 1900թ.):

«Ախ, Աստվա՜ծ, Աստվա՜ծ», «Դեպի արևը» գործերում անդրադարձել է արևմտահայ գյուղի անցյալին: Նա իր երկերը առանձին հատորով տպագրված չի տեսել: Մահից տարիներ անց աշակերտները ԱՄՆ-ում հանգանակություն կազմակերպելով հրատարակել են իրենց ուսուցչի բոլոր գործերը մի ստվար հատորում, որը լույս է տեսել 1927թ., Բոստոնում՝ Արշակ Չոպանյանի ընդարձակ առաջաբանով: Հատորի լրիվ վերնագիրն է՝ «Թլկատինցին և իր գործը-քրոնիկներ, նորավեպեր, գեղի նամակներ, քերթվածներ, թատերգություններ»: Եղել է Հայոց Մեծ Եղեռնի զոհ, կնոջ և երեխաների հետ միասին սպանվել է իր ծննդավայրի մոտ, մի ձորում: