« Հին Թիֆլիսի հնչյուններ, երաժշտական ընտանիք, շնորհալի եղբայրներ, ապա էլ ինչպե՞ս չդառնալ ՀԱՆՃԱՐ». Արամ Խաչատրյանի ՀԱՆՃԱՐԸ և ՀԱՆՃԱՐԵՂ ընտանիքը.

Արամ Խաչատրյանի ծնողները հինավուրց Գողթան գավառից էին, որը պատմահայր Մովսես Խորենացին գովերգել էր որպես շնորհալի երգիչ-երաժիշտների հայրենիք։ Հայրը՝ Եղիան, ծնվել է Երևանի նահանգում՝ Օրդուբադի մոտակայքում (ներկայիս Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, Ադրբեջան) և տեղափոխվել է Թիֆլիս 13 տարեկանում։ 25 տարեկանում նա ուներ կազմարարական աշխատանքներով զբաղվող խանութ։ Մայրը՝ Ղումաշ Սարկիսովնան, ծնվել է Ներքին Ազա գյուղում։ Խաչատրյանի ծնողները նշանված են եղել մինչև իրար ճանաչելը, երբ դեռ Ղումաշը 9 տարեկան էր, իսկ Եղիան՝ 19: Նրանք ունեցել են 5 երեխա՝ մեկ աղջիկ և չորս տղա։

Կազմարար Եղիայի ընտանիքը ապրում էր Թիֆլիսի Կոջորի արվարձանում։ Գեղարվեստական ավանդույթներով հարուստ այդ հինավուրց քաղաքում ստացած երաժշտական տպավորությունները լրացվում էին տանը՝ քաղցրահնչուն մեղեդիներով։ Արամի եղբայրները նույնպես շնորհալի էին։ Սուրեն Խաչատրյանը Մոսկվայում թատերական մեծ գործիչ դարձավ, Լևոնը լավ բարիտոն էր և հայտնի երգիչ դարձավ, Վաղինակը հաճախ էր հանդես գալիս սիրողական ներկայացումներում։ Նրանց զավակները նույնպես իրենց նվիրաբերեցին արվեստին։

Սուրենի որդին՝ Կարեն Խաչատրյանը անվանի կոմպոզիտոր է եղել Մոսկվայում, Վաղինակի դուստր Լեյլա Խաչատրյանը դերասանուհի է Երևանի Ռուսական թատրոնում, Լևոնի որդի Էմին Խաչատրյանը նշանավոր դիրիժոր էր։ Ապագա կոմպոզիտորը նախ ուսանում է Ա. Արղության-Դոլգորուկովայի վարժարանում, որտեղ նրան ամենից շատ գրավում էին հայ անվանի գրող Ղազարոս Աղայանի որդի Մուշեղ Աղայանի վարած երգի դասերը։ 10 տարեկանում ընդունվում է Թիֆլիսի առևտրական տեխնիկումը, որտեղ փողային նվագախմբում շեփոր էր նվագում։