«Չգիտեր՝ հոգնածությունն ինչ է։ Մորս մահից հետո նրա հոգածության տակ չորս տղամարդ էր՝ ես, հայրս և մեր երկու որդիները». անկրկնելի ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻ կյանքի ու դերերի մասին

Նրան անվանում էին հայկական Աննա Մանյանի, «հոյակապ» տանջված, որը կարողանում էր անգամ էկրանի միջով փոխանցել ցավը, մարմնավորել բոլոր հայուհիների հավաքական կերպարը։ Գալյա (Գալինա) Նովենցը կյանքին հրաժեշտ տվեց 2012թ․-ի հուլիսի 22-ին։ Վերջին դերը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում նա խաղաց մահից ընդամենը մեկ ամիս առաջ։

 Էնպես կխաղամ, դեռ կտեսնես…

Գլխավոր աշխատանքը կինոյում, որը Գալյա Նովենցին մեծ ճանաչում բերեց, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, Սիրանուշի դերն էր Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն»(1985թ․) ֆիլմում։ Նովենցը կերտել էր ուժեղ ու տառապող կնոջ կերպար, որին ամուսինը լքում և գնում է ուրիշ կնոջ մոտ։ Ֆիլմում նրա կերպարի՝ «Կեղնի մե օրըմ, օր երկնքից տեսնիմ, թե աշխարհը ընչի է ըսպես ծուռ» արտահայտությունը վաղուց արդեն թևավոր խոսք է դարձել:

Ֆիլմում նա կատարյալ գյումրվա բարբառով է խոսում, այդ պատճառով էլ շատերը կարծում են, թե Նովենցը գյումրեցի է։ Իրականում նա Երևանում է ծնվել, իսկ Սիրանուշի դերի մեջ մտել է այն պահից, երբ իմացել է, որ դերն ուզում են տալ․․․ ոչ իրեն։

Ֆիլմի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը (մահացավ 2018թ․-ին), «Մենք ենք, մեր ֆիլմերը» հեռուստահաղորդման ընթացքում պատմում էր, որ Սիրանուշի դերում պատկերացնում էր մեկ այլ հոյակապ դերասանուհու՝ վրացուհի Սոֆիկո Չիաուրելլիին։

«Մի անգամ Գալյային ասացի, որ որոշել եմ այդ դերի համար Չիաուրելլիին հրավիրել։ Գալյան, որ մինչ այդ հանգիստ լսում էր ինձ, հանկարծ զայրացավ, տեղից վեր թռավ և բացականչեց․ «Այսինքն ե՞ս չեմ խաղալու այդ դերը։ Էնպես կխաղամ, դեռ կտեսնես»։ Եվ հասկացա, որ հենց այդպիսի էներգետիկա եմ փնտրում։ Սիրանուշի դերն արդեն նրանն էր»,-պատմել է Մկրտչյանը։

Ասում են՝ որ «Մեր մանկության տանգոն» դիտելուց հետո Չիաուրելին ինքը հիացմունքով է արտահայտվել Նովենցի խաղի մասին՝ ասելով․ «Վերջ, հայկական կինոն այլևս իմ կարիքը չունի»։

«Ես այդպես էլ չասացի նրան, որ հոյակապ դերասանուհի է․․․»

Ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը՝ Նովենցի ամուսինը, նրա մահից հետո ապրեց ընդամենը մի քանի տարի և մահացավ 2019թ․-ին։

Ղազանչյանը շատ ծանր էր տանում սիրելի կնոջ մահը և հաճախ էր լրագրողների հետ խոսում Նովենցի մասին։ 2018թ․-ին  Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվեց Նովենցի մասին հաղորդում, որում Ղազանչյանն առաջին անգամ պատմեց իրենց ընտանեկան կյանքի մասին։

«Չգիտեր՝ հոգնածությունն ինչ է։ Մորս մահից հետո նրա հոգածության տակ չորս տղամարդ էր՝ ես, հայրս և մեր երկու որդիները։ Նա հասցնում էր լվացք անել, հավաքել, յուրքանչյուրիս համար ուտելիք պատրաստել, նաև խաղալ կինոյում ու թատրոնում։ Ամեն ինչ հասցնում էր ու երբեք չէր բողոքում»,-պատմում էր Ղազանչյանը։

Նա ժպիտով նշում էր, որ 53 տարվա համատեղ կյանքի ընթացքում այդպես էլ ոչ մի անգամ չեն կռվել։

«Հենց զգում էի՝ բանը հասնում է վեճի, ասում էի՝ կներես։ Իսկ նա զարմանում էր․ «Անընդհատ ներողություն ես խնդրում»։ Ես այդպես էլ չասացի նրան, որ ապշում էի բեմում ու կինոյում նրա կերտած հոյակապ դերերերից, բայց կյանքում երբեք չէր խաղում, հավատարիմ էր մնում ինքն իրեն․․․»,-խոստովանել է Ղազանչյանը։

Նրանց ավագ որդին մահացավ ծնողների կենդանության օրոք։ Իսկ կրտսերը՝ Հակոբ Ղազանչյանը, գնաց հոր հետքերով և այժմ թատրոնի ռեժիսոր է։