Այսօր սիրված խորհրդային դերասան Արտեմ Բերոյանի ծննդյան օրն է. հիշու՞մ եք նրա կերպարը «Պեպո» ֆիլմից

Հայ խորհրդային դերասան Արտեմ Կոնոյի Բերոյանը ծնվել է 1878 թվականի հունիսի 10-ին Թիֆլիսում: Եղել է դերասանուհի Մարիա Բերոյանի ամուսինը:

Բեմական գործունեությունն սկսել է 1899 թվականից, իսկ 1923-ից եղել է տեղի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի առաջին դերասաններից, հետագայում նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Ելույթներ է ունեցել նաև Իրանում, Եգիպտոսում, Ռումինիայում, Բուլղարիայում: Խաղացել է դրամատիկական և խարակտերային դերեր: Կերտել է մի շարք թատերական դերեր բազմաթիվ ներկայացումներում` Հ.Իբսենի «Դոկտոր Շտոկման» (Ասլաքսե), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Զամբախով), «Պեպո» (Զիմզիմով), «Քանդած օջախ» (Փարսիղ), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Բարխուդար) և այլն:

1935 թվականին նկարահանվել է «Պեպո» ֆիլմում: Արժանացել է Վրաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Թբիլիսիում: