«Հորաքույր, կգա՞ս ինձ հետ Լուսինեի համերգին». միայն իմանաք՝ ինչ է ասել կորացած մեջքով, ցավող ոտքերով ծեր կինը ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ համերգից հետո

Իմ ժուռնալիստական գործունեությունը ինձ մեծագույն պարգև ընծայաբերեց՝ ծանոթությունը և բարեկամությունը Լուսինեի հետ, որը արտոնյալ հնարավորություն ընձեռեց ինձ ոչ միայն ավելի հաճախ լսելու երգչուհու երգը, այլև ավելի մոտիկից ճանաչելու Լուսինե-մարդուն:
Եվ երբ մի անձի մեջ երկուսին էլ ճանաչեցի, ինքնըստիքյան պարզվեց Լուսինե-հրաշքի գաղտնիքը: Աստվածատուր ձայնը Լուսինեի միակ տաղանդը չէր, նա օժտված էր նաև մեկ այլ բացառիկ տաղանդով, որ քչերին է տրված՝ ՄԱՐԴ լինելու մեծագույն շնորհով: Նրա երգի հրաշքը այս տաղանդների համատեղ հրավառությունն էր: Արդ, փորձենք պարզել այդ երկմիասնությունը՝ ոչ թե տարանջատելով, այլ դիտելով զուգահեռաբար, ինչպես որ հյուսվել է նրա գեղեցիկ կյանքը, և նաև չհավակնելով սպառել երգչուհու բոլոր շնորհներն ու բարեմասնությունները, որոնք ավելին են, քան տեսել ենք մեր սովորական աչքով…
Հիշում եմ, երբ մի անգամ մարդկային թուլությամբ մեկը փորձեց «լուսավորել» Լուսինեին՝ ներկայացնելով նրան չարախոսող ինչ-որ անձի, Խորենը սաստեց.
_ Պետք չէ, թող մի կուսական մարդ էլ մնա իբրև օրինակ…
Այո, կուսական մաքրությունը Լուսինեի մարդկային առաքինություններից ամենացայտունն էր: Նա կարծես այս աշխարհից չէր. բամբասանք, դավ, չարախոսություն, զրպարտություն, վրեժխնդրություն նրա համար ոչ միայն անընդունելի էին, այլև անհասկանալի: Նա ամբողջ էությամբ բարություն էր, և դրա համար էլ նրա երգը բարի էր ու մարդկանց բարի դարձնող, մաքրագործող (Խ. Պալյան):
Այս առիթով չեմ կարող չհիշել մի դեպք. Մեղրու շրջանի Կուխրիս գյուղից մեզ հյուր էր եկել Թազավարդ հորաքույրս: Իր համար անսպասելի՝ հանկարծ առաջարկեցի.
_ Հորաքույր, կգա՞ս ինձ հետ Լուսինեի համերգին:
_ Սիրո՜վ,_ իսկույն արձագանքեց նա:
Կորացած մեջքով, ցավող ոտքերով ծեր կնոջը մի կերպ հասցրի Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճ, որտեղ առաջին անգամ էր լինում: Ամբողջ համերգին նստեց լուռ՝ առանց ծափահարելու, բայց համակ լսողություն դարձած: Երբ համերգն ավարտվեց, գոհունակության հոգոցով արտասանեց ընդամենը մեկ բառ.
— Մաքրվեցի՜նք:
Կարճ էր գնահատականը, բայց սպառիչ:


Խորեն Պալյան:

_ Լուսինեի համերգները լոկ երգի ունկնդրում չէին, այլ արարողություն, երբ մարդիկ դահլիճ էին մտնում մի տեսքով և դուրս գալիս այլափոխված, մաքրված: Ես շատ ու շատ մարդկանցից եմ լսել նրա երգի մաքրագործող ուժի մասին դրվատանքի խոսքեր: Չպիտի մոռանալ, որ Խորենացին, Նարեկացին, Շնորհալին, Եկմալյանը, Կոմիտասը իրենց հոգևոր երգերը նախ և առաջ այդ խորհրդով են ստեղծել: Լուսինեն այդ խորհուրդը տեղ էր հասցնում գերագույն ներշնչանքով ու իմաստով:
Լուսինե-երգչուհու մեծության ամենահավաստի գրավականը նրա մարդկային կերպարն էր. հազվադեպ է պատահում, որ այդքան մեծ առավելությունների կողքին մարդ այդքան պարկեշտ ու համեստ նկարագիր ունենա: Դա բացառիկ բան է: Ժողովուրդը զգում էր դա, հարգում նրա նկարագիրը, կերպարը, որ շատ համահունչ էր նրա ձայնին, արվեստին: Նա մատչելի էր բոլորին հավասարապես…

ԼԻԴԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Լուսինե»