«Ի՞նչ ստացա պետությունից։ Միայն տալիս էի։ Որպեսզի թույլ տան մեկնել, հանձնեցի բնակարանս». հատված ԼԵՎՈՆ ԻՇՏՈՅԱՆԻ հարցազրույցից, որը հետաքրքիր գաղտնիքներ է բացահայտում

Ստորև Ձեզ ենք ներկայացնում Երևանի «Արարատի» հռչակավոր հարձակվող Լևոն Իշտոյանի՝ իր մարզական կարիերայի ավարտից ի վեր տված առաջին մեծ հարցազրույցից հատված:

Բնակարանը տվեց Ամերիկա մեկնելու թույլտվության դիմաց

․․․-88-ին գիտակցո՞ւմ էիք, որ ընդմիշտ եք մեկնում։

-Այո, այո։ Ասացի՝ «մեկնում եմ», ուրեմն վերջ։ 20 տարի ֆուտբոլում էի, ի՞նչ ստացա պետությունից։ Միայն տալիս էի։ Որպեսզի թույլ տան մեկնել, հանձնեցի բնակարանս։ Նույնիսկ չվաճառեցի։

-Այ քեզ բան։

-Քիչ ավելի ուշ Նահանգներ տեղափոխվեցին ընկերներս՝ Սերգեյ Բոնդարենկոն և Արմեն Սարգսյանը։ Երևի գիտեք նրանց։

-Իհարկե, հայտնի ֆուտբոլիստներ են։

-Սերգեյը եկավ 92-ին, երբ արդեն Կոմունիստական կուսակցությունը չէր ղեկավարում։ Նա պահել էր Երևանի իր բնակարանը։ Իսկ ես ընտրություն չունեի։ Կա՛մ հանձնիր, կա՛մ ոչ մի տեղ չես գնում։ Իսկ բնակարանը շքեղ էր՝ 4 սենյականոց, որը գտնվում էր հենց քաղաքի կենտրոնում՝ շուկայի մոտ։ Ասացի՝ «վերցրեք, խնդրեմ»։

-Ո՞վ է այնտեղ հիմա ապրում։

-Լենինականի շրջկոմի նախկին երկրորդ քարտուղարը։ Համար երկրորդ կոմունիստն էր։ Անունը Տաճատ է, ազգանունը չեմ հիշում։ Այն ամենն, ինչ հիմա ասում եմ, ասում եմ անկեղծ, ոչինչ չեմ թաքցնում։

Սպիտակ «Վոլգա»՝ 00-08 համարներով

-Ամբողջ Երևանը գիտեր Ձեր սպիտակ «Վոլգան», որի համարներում միայն ութեր էին։

-Դա՞ էլ եք հիշում։ Օ՜, ես կարծում էի՝ միայն ես եմ հիշում։ Շնորհակալ եմ։ Միայն թե համարները զրոներով էին՝ 00-08։ Այդ «Վոլգայի» հետ կապված պատմություն կա։ 73թ․-ին վերցրինք Գավաթն ու հաղթեցինք մրցաշարում, թիմը հոյակապ էր։ Երբ խաղաշրջանը լավ սկսեցինք, հանրապետության մինիստրների խորհուրդը Մոսկվայից 16 հատ «Վոլգա» խնդրեց, որ խաղաշրջանի վերջում բոլորը ստանան։ Դառնում ենք չեմպիոն, այդ 16 մեքենաները գալիս են Երևան։ Գիտե՞ք՝ ինչ եղավ հետո։

-Ինչ-որ սխալ բա՞ն։

-Ընկերներիցս մեկն ասաց․ «Լյովա, արագ գնա «Վոլգայիդ» հետևից, թե չէ չես ստանա։ 10 մեքենա արդեն վաճառել են»։ Պատկերացնո՞ւմ ես, Յուրա ջան։

-Այ քեզ բան։

-Չե՞ս հավատում՝ Երևանում մեր տղերքին հարցրու։ Բոլորը կհաստատեն։ Ամբողջ թիմին 5 «Վոլգա» մնաց։

-Ո՞ւմ տվեցին։

-Ինձ, կապիտան Հովհաննես Զանազանյանին, դարպասապահ Ալյոշա Աբրահամյանին, Անդրեասյանին ու Մարգարովին։ Վերջ։ Անհարմար էի զգում այդ մեքենայով շրջել, ազնիվ խոսք։ Ամեն անգամ, երբ դրանով մարզումների էի գնում, տղերքն այնպես էին նայում․․․ ախր ընկերներ ենք։ Չէի կարողանում նստել այդ «Վոլգայի» մեջ։ Արագ վաճառեցի։

-․․․ Ձեր մասին միլիոնավոր զվարճալի պատմություններ են պտտվում։

-Օ՜, դրանք շատ են․․․ երբ Կիևին երկու գոլ խփեցի, սկսվեց։ Ես, ախր Լենինականում եմ ծնվել։ Գյումրեցի եմ։ Պատմում են, որ երբ Գյումրի է ժամանում Պելեն քաղաքում քայլիս նրան ոչ ոք չի ճանաչում։ Մոտենում է մեկին․ «Ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստն եմ», նա էլ պատասխանում է․ «Օ՜յ, Լևոնչիկ, ոնց ես սևացել․․․»

-Գյումրիում ասում են՝ պատրաստվում էին ձեր հուշարձանը դնել։

-Թույլ չտվեցին։

-Ինչ տխուր է։

-Դե, Լենինի հուշարձանի մեջքին «8» էին նկարել․․․ Անեկդոտ է։

«Կիկաբիձեն մի ուղեկցորդուհու էր սիրում, իսկ նա չեկավ»

-Հիշո՞ւմ եք, թե ինչպես առաջին անգամ «Միմինոյում» հնչեց «Իշտոյանին է տեսնում» արտահայտությունը։

-Բա, իհարկե։ Քիչ էր մնում աթոռից ընկնեի։ Մենք Ֆրունզիկի հետ ընկերներ էինք, նա նույնպես Լենինականից է։ Այնտեղ անգամ հարևաններ էինք, միայն թե այն ժամանակ ես դեռ փոքր էի։ Երևանում էլ մոտ էինք ապրում։ Սունդուկյան թատրոնից երկու փողոց ներքև նրա տունն էր։ Հաճախ էինք հանդիպում։ Մի օր էլ Ֆրունզիկը կորավ, վեց ամիս չերևաց։ Խառնվեցի իրար՝ հո բան չի պատահել։

Մի օր էլ շուկա էի գնում և հո՜պ, դիմացս հայտնվեց․ «Ո՞ւր ես կորել, սիրելիս», թե բա․ «Կես տարի նկարահանման էի, վրացական ֆիլմի նկարահանման են հրավիրել։ Շատ լավ ռեժիսոր է, սցենարն էլ ոչինչ։ Վրացին ու հայը հանդիպում են Մոսկվայում։ Կիկաբիձեն մի բորտուղեկցորդուհու է սիրում, իսկ նա չի եկել․․․ գիտես՝ պատմելով երկար է։ Կնայես հետո։ «Միմինո» է կոչվում»։ Լռեց, հետո հանկարծ աշխուժացավ․ «Լյովա, այնտեղ քո մասին այնպիսի բան եմ ասել, տեսնես՝ կշշմես»։

-Այդպես էլ եղավ։

-Ի դեպ, սցենարում ոչ մի Իշտոյան էլ չի եղել։ Ֆրունզիկը բեռնատարի մեջ ասում է․ «Լսիր, բա ի՞նչ ես ուզում։ Եթե կինն ամեն օր արտիստների է տեսնում, ակադեմիկոսների է տեսնում, տիեզերագնացների․․․»։ Հանկարծ Դանելիան ընդհատում է․ «Ստոպ։ Ինչ-որ բան պակասում է։ Արտիստներ, ակադեմիկոսներ ու տիեզերագնացները քիչ են։ Տասնհինգ րոպե հանգիստ, մի բան կմտածենք»։ Հետո մոտենում է․ «Ֆրունզիկ, պատրա՞ստ ես», Ֆրունզիկն էլ պատասխանում է․ «Սկսում ենք․․․» ու սցենարի արտահայտության վրա է միանգամից իմպրովիզ անում․ «Իշտոյանին է տեսնում»։ Դանելիան ծիծաղից ընկնում է․ «Այ, այն է, ինչ պետք է։ Թողնում ենք։ Հանճարեղ է, Ֆրունզիկ, հանճարե՜ղ։ Բրավո»։

-Ես իսկապես երջանիկ էի, երբ լսեցի։ Ամեն մեկին այդպիսի վայելք չի վիճակվում։ Այ, դուք, Յուրա ջան, կուզեի՞ք, որ Ձեր մասին ֆիլմում այդպես ասեին․ «Գոլշակին է տեսնում»։ Վատ չի հնչում, չէ՞։ -Ինձ մինչև հիմա թե՛ Վրաստանում, թե՛ Երևանում այդ արտահայտությամբ են դիմավորում․ «Օ՜, Իշտոյանին է տեսնում։ Կարելի՞ է Ձեզ դիպչել»։ Շնորհակալություն, Ֆրունզիկին։

․․․-Իսկ թիմում այդ ֆիլմի մասին ի՞նչ էին ասում։

-Յուրաքանչյուրն էլ ուզում էր, որ ֆիլմում իր անունը հնչեր։ Իհարկե, երբ փողոցում մարդիկ ասում էին․ «Իշտոյանին եմ տեսնում։ Կարելի՞ է դիպչել», դա թիմի տղաներին այնքան էլ դուր չէր գալիս։

-Նախանձո՞ւմ էին։

-Բա, իհարկե։ Ամեն տեղ էլ նույնը կլիներ։

-Գտել եմ Ձեր լուսանկարը ինքնաթիռում, մակագրված է․ «Այսպես են ուղեկցորդուհիները տեսել Իշտոյանին»։

-Գիտեմ այդ լուսանկարը, ինձ էլ է դուր գալիս։

«Ուկրաինացիներն ունեն Գավաթի եզրափակչի տեսագրությունը, բայց վաճառում են»։

-Եթե հնարավոր լիներ սեփական անցյալից միայն մեկ խաղ վերանայել, որը կընտրեի՞ք։

-Գավաթի եզրափակիչն ընդդեմ Կիևի «Դինամոյի»։ Ֆենոմենալ խաղ էր։

-Տեսագրություն կա՞։

-Ես չունեմ։ Միայն խամրած դրվագներ են՝ իմ երկու գոլերը։ Կիևն այն ժամանակ ֆենոմենալ թիմ էր, հետո նրանք ամբողջ Եվրոպան ջախջախեցին։ 10 տարի բոլորին սարսափի մեջ էին պահում։ Բայց 73-ին Մոսկվայում մենք հաղթեցինք։ Ասում են՝ ուկրաինացիները խաղի տեսագրությունն ունեն, բայց վաճառում են։ Անվճար չեն ուզում տալ։ Ես տղերքին հարցրել եմ՝ ոչ մեկ ժապավեն չունի։

․․․-Հրաշք էր Ձեզ համար։ Մեկ գոլ՝ վերջին րոպեին, ևս մեկը՝ լրացուցիչ ժամանակում։

-Այն ժամանակ ուրիշ ձև էին խաղում․ եթե լրացուցիչ ժամանակն ավարտվում էր ոչ ոքի, հաջորդ օրը նորից էին խաղում։ Եվ ահա, լրացուցիչ ժամանակից առաջ Սիմոնյանն անգամ ադմինիստրատորներին խնդրեց դուրս գալ հանդերձարանից։ Մնացինք միայն մենք ու նա։ Լռեց, հայացքով անցավ բոլորիս վրայով․ «Մեկ հարց ունեմ․ «ի՞նչ ենք անում այսօր»։ Բոլորս աչքներս խոնարհած, անուժ կանգնել էինք։ Նա ձայնը բարձրացրեց․ «Եթե այսօր չհաղթենք, վաղը ուշ կլինի։ Պիտի մեռնենք, բայց հաղթենք»։

-Հաջորդ օրը իրո՞ք «ուշ կլիներ»։

-Հարյուր տոկոսով։ «Ֆիզիկայի» առումով Կիևի հետ ոչ ոք համեմատվել չէր կարող։ Իսկ մեր թիմը, օրինակ, հասակով ամենափոքրերից էր։ Գլխով գոլ գրեթե չէինք խփում։ Բայց այդ երեկո դուրս եկանք դաշտ և լրացուցիչ ժամանակում ջախջախվեինք նրանց։ Լարածի պես էինք վազում։ Կիևը նման ճնշում չէր սպասում։ Մենք կարողանում էինք մեզ հավաքել։ Անգամ ինքնուրույն, առանց մարզիչների հանդիպում էինք․ «Ինչքան էլ լավ թիմ լինի, տասը տարի անց կմոռանան, եթե ոչինչ չշահի։ Կա՛մ Գավաթը, կա՛մ չեմպիոնատը պետք է հաղթել»։ Այդ տարի ամբողջ աշխարհն իմացավ, թե ովքեր են հայերը։

․․․-Պատկերացնում եմ, թե ինչպես Ձեզ դիմավորեց Երևանը, երբ ժամանեցիք Գավաթով։

-Մեզ Դոնեցկը դիմավորեց։ Մոսկվայից անմիջապես գնացինք «Շախտյորի» հետ խաղալու։ Ջիգյարով տղերք էին, թվում էր՝ հենց դաշտի մեջտեղում ուզում են սպանել մեզ․․․ բայց հետո Երևանում ինչ էր կատարվում․․․ մարդիկ ծառերից էին կախված, ճանապարհի ամբողջ երկայնքով սեղաններ էին բացված։ Բոլորն ուտում-խմում են, երաժշտություն էր հնչում։

-Պատկերացնում եմ։

-Մենք անգամ տուն չմտանք՝ միանգամից բազա գնացինք։ Էհ, Յուրոչկա, ինչ հուշեր են․․․

-Ասում են՝ Հայաստանում մորթել էին բոլոր հավերին։

-Չեմ բացառում։ Այ, երբ «Զենիթին» հաղթեցինք 3։2 հաշվով, արդեն հաստատ բոլոր հավերին տապակեցին։ Շատ ծանր խաղ էր։ Այդ երկու ուկրաինական թիմերից հետո ուժասպառ էինք եղել։ Յուրա ջան, անհնար է դա պատմել։ Երբեմն թվում է, թե այդ ամենը հեքիաթ է եղել, երազ։ Չեմ ուզում գլուխ գովել, բաց այն «Արարատը» հզոր թիմ էր։ Այսօր նայում եմ «Բարսելոնային»՝ մենք ճիշտ այդպես էինք խաղում։ Չեմպիոն դառնալուց հետո մինչև առավոտ քաղաքում քայլում էինք։ Ոչ ոք տուն չէր գնում։